Մոտ մեկ տասնյակ ադրբեջանցու հետ (լրագրող, պատգամավոր, վելուծաբան եւ այլք) վերջին մեկ տարվա խոսակցություններս վերահաստատում են համոզմունքս, թե իրենք մի արմատապես սխալ դիսկուրսի գերի են՝ արդեն ահագին երկար ժամանակ.-մի հատ հարձակվեն, ստեղ ժողովուրդը խառնվի իրար, ջղայնանա, ելնի իշխանության գլուխը ջարդի, զիջող իշխանություն ձեւավորի, զիջեն՝ ինչ կարող են, խելոք, խաղաղ ապրենք, մթոմ․․․ էս է դրանց համոզմունքը ։)

 

 

Խոսելիս, իհարկե բացահայտ այդպես չեն ասում, ծամում-ծամծմում, կախված փորձից, խորամանկության չափից, մեկը շատ է լեզվին տալիս, մյուսը՝ քիչ, վերջը տարբեր ձեւերով ֆռֆռում՝ էս նույն զրույցին են գալիս։

Ես հիմնականում էդ մտքերի ժամանակ լռում եմ, խոսքով էդ խելքի տեր մարդկանց բան չես բացատրի, տարհամոզել՝ անհնար եմ համարել։ Մեկ անգամ միայն, երբ, նկատեցի, որ կյանք տեսած, Ֆիրդուսի ցիտող, ահագին տարիքով մարդ էր, հարցրի՝ դեպք գիտե՞, որ առանց կռվի հող առնեն, տան…, թեման փոխեց, անցավ դավադրությունների կոմպլեքսին։

 

 

Հիմա, հայտնի է «սերս» Հայաստանը արդեն ատոմական մակարդակում քանդող էս ռեժիմի հանդեպ, բայց, թող որեւէ մեկը, ներսում եւ դրսում հույս չունենա, թե դրսի խնդիրը կարող է խառնել ներսի խնդրին, թեպետ, եթե մի քիչ խորանանք, գիտենք, որ դրանք անկապ չեն։

 

 

Մենք էլի, հերթական անգամ բարդագույն խնդիրների առաջ ենք. բոլոր ճակատներում, ներսում, սահմանին ու դրսում մարտահրավերներ ունենալ ու գերմարդկային, խելագար եւ անմեկնելի ջանքերով լուծել դրանք՝ զուգահեռ, միաժամանակ։ Հիմքեր ունեմ հայտարարելու, որ այդքան իմաստնություն, կամք եւ զորություն կունենանք ու կանենք։ Ուրիշ ճանապարհ ուղղակի չկա։ Երկրորդ Կարս չի լինելու, որքան էլ թափթփուկներ լինեն իշխանության մեջ, եւ՝ երազողներ՝ դրսում։

 

Լևոն Բարսեղյան