Չնայած Ադրբեջանի նավթային և մարդկային ռեսուրսներին և Հայաստանի ծանր տնտեսական և անկումային բարոյահոգեբանական իրավիճակին, ուժերի հարաբերակցությունն այնքան էլ ակնհայտ չէ: Ինձ թվում է, որ Ադրբեջանը հայտնվել է շատ լուրջ իրավիճակում:
Երեք մեծ հարևաններից երկուսը՝ Իրանն ու Ռուսաստանն ակնհայտորեն ունեն շատ լուրջ ստրատեգիական հակասություններ Ադրբեջանի հետ:

 


Իրանի պահով բոլորին է հայտնի, որ դրանցից մեկը Իրանի բազմամիլիոնանոց թյուրքերի խնդիրն է և Ադրբեջանի հնարավոր մասնատումը վերջնականապես կթաղի Մեծ Ադրբեջանի երազանքը: Մյուս կողմից Ադրբեջանը Իրանի համար դիտվում է որպես արտաքին ուժերի համար հնարավոր պլացդարմ և հրավիրող կողմ:
Ռուսաստանի համար Ադրբեջանը նույնպես հանդիսանում է պոտենցիալ պլացդարմ Թուրքիայի համար, որը կարող է օգտագործել սյունիզմը և թուրքիզմը Ռուսաստանը դեստաբիլիզացնելու համար: Չնայած նրան, որ Ալիևի և Ռուսաստանի հարաբերությունները վերջերս շատ են սերտացել, սակայն դա մարտավարական խաղեր են, այլ ոչ թե ստրատեգիական հարաբերություններ:

 


Մյուս կողմից Թուրքիայում իսլամի ուժեղացումը երկրորդ պլան է մղում թյուրքիզմի գաղափարը, իսկ Թուրքիան ավելի է խրվում Մերձավոր Արևելքի թնջուկի մեջ և պատրաստ չէ իրեն ծանրաբեռնել ադրբեջանական խնդիրներով: Կա նաև մեկ այլ վտանգ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի դեպքում Թուրքիայում կակտիվանան ազգայնականները, որոնք կթուլացնել իսլամականների ներկայիս ազդեցությունը:

 


Տարածաշրջանում որոշակի դերակատարություն ստանձնած Իսրայելի համար նույնպես ձեռնտու չէ Թուրքիա-Ադրբեջան կապերի խորացումը, հաշվի առնելով Թուրքիայի պահվածքը Պաղեստինի հարցում, ինչպես նաև այն, որ որոշ զարգացումների դեպքում ապագայում հենց Թուրքիան է կարող առաջնորդել իսլամիստներին, դառնալավ սյունիզմի առաջատար երկիր, դրանից բխող Իսրայելի համար հնարավոր հետևանքներով:
Մյուս կողմից Ալիևի ռեժիմը բարդացրել է հարաբերությունները ԱՄՆ հետ և կտրականապես մերժում է ամերիկացիների որոշ «ստրատեգիական» առաջարկությունները:

 


Այս առումով դժվար թե Ադրբեջանի ռեժիմը սկսի պատերազմը, լավ հասկանալով, որ ստեղծված իրավիճակը իր օգտին չէ: Հնարավոր է, որ իրավիճակի լարումը իշխող ռեժիմին պետք էր ներքին խնդիրներ լուծելու համար, սակայն ադրբեջանական զինվորական զոհերի արձագանքը երկրում Ալիևի համար լրացուցիչ ներքին լարում է առաջացնում:
Երևի թե հիմա Ադրբեջանի ռեժիմին պետք է հնարավորինս «պատվով» դուրս գալ ստեղծված իրավիճակից, սակայն խույս տալ հնարավոր պատերազմից, որի հետևանքով մեծ է իշխանությունը կորցնելու հավանականությունը:

 

 

Ստեփան Դանիելյան