Հատկապես այն բանից հետո, երբ Կրեմլում իշխանության գլուխ եկավ Վլադիմիր Պուտինը՝ տարածում գտավ ՙՙուրույն զարգացման՚՚ տեսությունը:


Եթե կարճ բնութագրենք դրա էությունը, ապա դա այն է, որ պետությունը հրաժարվում է համընդհանուր դեմոկրատական արժեքներից, արտաքուստ պահպանում է ընտրությունների, քաղաքական-քաղաքացիական այլ ինստիտուտներ, սակայն դրանց վերահսկումով ազդարարում է դեմոկատիայի ՙՙուրույն՚՚, ՙՙազգային՚՚ ուղու մասին:
Պուտինն, այս առումով, առաջատար է, բայց եզակի չէ, որովհետև նրա հարուստ փորձը կիրառում են Թուրքիայի վարչապետ Էրդողանը, նույնիսկ Եվրամիության անդամ Հունգարիայի ղեկավար Օրբանն, ով վերջերս հայտարարել էր, թե պետք է հրաժարվել դեմոկրատիայի արևմտյան մոդելից:


Այս ուղղությունը պայմանականորեն անվանենք ՙՙպուտինիզմ՚՚ ու ամրագերնք, որ նրա հիմքում մի քանի բաղկացուցիչներ են՝ ազգայնականությունը, կրոնը, սոցիալական պահպանողականությունը, պետական կապիտալիզմը ու վերջապես՝ տոտալ վերահսկողությունը ԶԼՄ-ների հանդեպ:


Հայաստանն, իհարկե, դեմոկարատական երկիր չէ շատ չափանիշներով, բայց դժվար է նաև այն մաքուր ավտորիտար համարելը:


Ինչքանո՞վ է Հայաստանի համակարգին բնորոշ ՙՙպուտինիզմը՚՚:


Զուտ ֆորմալ առումով՝ ազգայնականությունը կամ նժդեհականությունը գործող իշխանության պաշտոնական գաղափարախոսությունն է:


Բայց մերոնք շատ պրագմատիկ են գաղափարական լինելու համար. ընտրություն կեղծելու կամ ժողովրդին հարստահարելու համար՝ դա առանձնապես պետք չէ: Հետևաբար, մեր հանրապետականներն Նժդեհին հիշում են համագումարից-համագումար՝ շուտասելուկի պես կրկնելով նրա ստանդարտ մի քանի խոսքեր:


Եկեղեցին մեր իրականության մեջ մեծ դեր չի խաղում, բայց ծառայում է որպես պետության ենթակառույց, այսպես ասենք՝ մարմնավորում է օլիգարխիայի հոգևոր հատվածը:


Պահպանողականության մասին մեր պատկերացումները դասականության հետ որևէ աղերս չուեն ու ավելի շատ գործ ունենք ավանդապաշտության հետ:


Հայաստանում գրեթե չկան պետության մասնակցությամբ խոշոր ընկերություններ, բայց առկա են ՙՙպետական կապիտալիզմի՚՚ տարրեր, որովհետև բիզնեսը մեզանում քվոտայավորված է, կարծ ասած՝ պետությունը տարբեր ոլորտներ փայ է տալիս օլիգարխներին, հետո փայ մտնում նրանց բիզնեսում: Մեր տիպի երկրներում՝ յուրաքանչյուր օլիգարխ ժամերի ընթացքում կարող է բոմժ դառնալ, ու՝ հակառակը:


Հայաստանի ԶԼՄ-ների դաշտը շահեկան վիճակում է, որովհետև ամբողջովին չի գտնվում պետության ՙՙձեռքի՚՚ տակ:
Մի խոսքով՝ ՙՙպուտինիզմի՚՚ տարրեր մեր համակարգին բնորոշ են, բայց լայցոտ դրսևորումով:


Ու դա արդեն ՙՙպուտինիզմից՚՚ հրաժարվելու հույսեր ծնում է....

 

 


Սուրեն Սուրենյանց