Ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը խնդիր ունի հիմնավոր ապացույցներ ներկայացնել համայն հայությանը եւ միջազգային հանրությանը, որ անձամբ ինքը չի հանդիսանում պատերազմի վերսկսման հրահրողը, անմիջականորեն սատարողը կամ ուրիշ պետության պատվեր կատարողը։
Տարածաշրջանում խաղաղությունը պահպանելը Սերժ Սարգսյանի պաշտոնական պարտականությունն է։ Ուստի, հանրությունն այսօր իրավունք ունի Սերժ Սարգսյանից ակնկալել հետեւյալ գործողությունները․
1. Մոտակա ժամերի ընթացքում Սերժ Սարգսյանը պետք է գումարի Անվտանգության Խորհրդի նիստ եւ ներկայացնի այն միջոցառումների ցանկը, որը նա անհրաժեշտ է համարում իրագործել տարածաշրջանում խաղաղության պահպանման համար, կամ, եթե սպառված են այդպիսի միջոցները, պետք է հարց դնի երկրի ինքնապաշտպանության համար ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն ռազմական ուժ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ։
2. Մինչեւ օրվա վերջ Սերժ Սարգսյանը պետք է հրապարակային ելույթով դիմի հանրությանը՝ իրազեկելով իր ընդունած որոշումների վերաբերյալ եւ ներկայացնի, թե ինչ է այժմ ակնկալում հանրությունից։
3. Մոտակա 24 ժամվա ընթացքում, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, Սերժ Սարգսյանը պարտավոր է իրազեկել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ տարածաշրջանում պատերազմի սպառնալիքի վերաբերյալ։
Խաղաղության պահպանմանն ուղղված անհրաժեշտ հրապարակային գործողություններ չկատարելու դեպքում, իրադարձությունների հետագա զարգացման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Սերժ Սարգսյանը։
Անդրիաս Ղուկասյան