Ուկրաինական ճգնաժամի առարկայական հետևանքը դարձան մի կողմից քաղաքացիական դիմակայությունն ու պատերազմական գործողությունների ծավալումն այդ երկրի ռուսամետ հարավ-արևելյան շրջաններում, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի հանդեպ միջազգային տարաբնույթ պատժամիջոցների կիրառումը:

 

Ընդ որում, ԱՄՆ և Մեծ Բրիտանիան ՌԴ-ի պարագայում կիրառում են այլ երկրներում արդեն իսկ “փորձարկումները” բարեհաջող անցած մարտավարությունը' նրանք Ուկրաինական ճգնաժամին հետևած արյունահեղության պատասխանատու են հռչակել անձնապես նախագահ Պուտինին: Սա, անշուշտ, շահագրգիռ ուժերի կողմից պարոն Պուտինի պաշտոնանկության նախապատրաստմանը միտված ծանրակշիռ քարոզչական քայլ է: Ընդ որում, հասկանալի է, որ եթե այդ պաշտոնանկությունը տեղի ունենա, ապա ռուսաստանյան քաղաքական թատերաբեմը ստիպված կլինի լքել նաև ներկայիս իշխանական վերնախավի մեծագույն մասը:

 

Ակնհայտ է նաև, որ ՌԴ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից և ոչ մեկը պատրաստ չէ ու, հավանաբար, տեսանելի ապագայում ևս ունակ չի լինելու ստանձնել երկրի կառավարման պատասխանատվությունն առանց բացառիկ արտաքին աջակցության: Միևնույն ժամանակ, դժվար է նաև պատկերացնել մի իրավիճակ, երբ Մեծ Բրիտանիայի թագուհին կամ վարչապետը հանձն կառնեն հրապարակավ քաղաքական, տնտեսական, ռազմական աջակցություն առաջարկել կոմունիստ Զյուգանովին կամ ԼԴԿ ղեկավար Ժիրինովսկուն:

 

Սա նշանակում է, որ նախագահ Պուտինի պաշտոնանկությունն ուղղակի կտապալի Ռուսաստանի ներկայիս կառավարման համակարգը, որին փոխարինող համարժեք այլընտրանքի մասին որևէ բան չի ասվում: Թերևս այդ կարգի փոխարինում չի էլ նախատեսվում:

 

 

 

Արման Մելիքյան