Երեկ Բարեկամության անցումում հանդիպեցի ծանոթ մի դեմք: Հին օրերի հիշողությունը գլուխ բարձրացրեց, ու ես հազարծալ կնճռոտ դեմքի տակ կարողացա որսալ այն դեմքը, որն այնքան պայծառ ու լուսավոր էր: Իսկ նա չէր ուզում, որ իրեն ճանաչեի, ամաչում ու շրջել էր դեմքը: Պատերազմի թոհուբոհով անցած մարտիկ, ում հետ այնքան զրուցել էի ու հիացել: Պատերազմի վերջում վիրավորվեց, այցելեցի նրան ու էլ չտեսա, բայց միշտ հիշում էի նրա խոսքերը՝ ի՜նչ երկիր ենք ունենալու հաղթելուց հետո:


Հայացքով բռնեցի նրա փախչող հայացքն ու տեսածիս չհավատալով, հարցրի.
-Ի՞նչ ես անում այստեղ:
Աչքերով ընդգրկեց իր ողջ ունեցվածքն ու համարյա անձայն սվսվաց.
-Նասկի եմ ծախում:
- Իսկ դու ասում էիր՝ ի՜նչ երկիր ենք ունենալու հաղթելուց հետո:- Սա՞ է այդ երկիրը:
Կախեց գլուխը.
-Ես չէի ուզի հանդիպել նրանց, ովքեր ին փառապանծ անցյալումս են եղել: Թող ինձ մարտի դաշտում հիշեն, զենքը՝ ձեռքիս:
Ու հանկարծ.
-Երանի՜ ես էլ տղերքի հետ զոհված լինեի…- Ի՜նչ երջանիկ են, որ հաղթող մեռան ու չտեսան պատերազմից հետո մեր ծանր պարտությունը:
- Երկիրը թուրքից առանք ու ի՜նչ արինք, ում տվինք…


Նասկի էին ուզում: Նա դողացող մատներով ինչ որ գույն էր որոնում, կռացել, իջեցրել էր գլուխը, իսկ հաճախորդը շտապեցնում էր՝ չկա՞ այդ գույնը: Փորձեցի օգնել ու խաչվեցին իմ ու նախկին ազատամարտիկի հայացքները: Թաց էին նրա աչքերը ու դեմքի ակոսներով պղտոր առվակներ էին հոսում: Հեռացա: Ետ նայեցի, հուսալով, որ նա կկանչի ինձ: Իսկ նա տեսնում էր հեռանալս ու ետ չէր կանչում:

 


 Հասմիկ Բաբաջանյան