<<Պարոն Հեղափոխություն>>, առհասարակ սովորություն չունեմ ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի գրառումներին, հարցումներին կամ հոդվածներին պատասխանել, սակայն այս դեպքում բացառություն կանեմ: Բայց ոչ նրա համար, որ հարցադրումներն արժեքավոր ու բովանդակային են, այլ այն պատճառով, որ դուք որպես ՀՀ քաղաքացի, անկախ այն հանգամանքից ձեր իրական անվամբ եք հանդես գալիս, թե ոչ, ստանաք ձեր հարցերի պատասխանները:
Այսպիսով. Ձեր առաջին հարցը՝ <<Ինչո՞ւ է ձեր կուսակցությունը մահացել>>:
<<Պարոն Հեղափոխություն>>, չեմ կարծում, որ այդքան միամիտ եք, որ, ըստ ձեզ, մահացած կուսակցությանը նամակ գրեք ու ավելին՝ պատասխան ակնկալեք: Դուք ձեզ հակասում եք: Իհարկե, շատերնը կուզեին, որ ՕԵԿ-ը <<մահանա>>, բայց պետք է հիասթափեցնեմ նման ցանկություն ունեցողներին:
Ձեր մյուս հարցը՝ <<Ինչո՞ւ այսքան տարի լռել եք, և չեք եղել ժողովրդի կողքին>>: Ուզում եմ թարմացնել ձեր հիշողությունը՝ վերջին 5 համապետական ընտրություններում ՕԵԿ-ն անընդմեջ հաղթել է պառլամենտական ընտրություններում: Վերջինը 2012թ. խորհրդարանական ընտրություններում, երբ կուսակցությունը ստացավ շուրջ 100000 քվե: Մեր ժողովրդի այս վստահությունը 17 տարի շարունակ մարդկանց կողքին մշտապես լինելու և նրանց հոգսերի, խնդիրների լուծմանը հետամուտ լինելու լավագույն ապացույցն է: Սա նաև դիտարկեք 1-ին հարցի պատասխան:
Ձեր մյուս հարցը՝ <<Ի՞նչը կամ ո՞վ ձեզ ստիպեց դառնալ ընդդիմություն>>: Որևէ մեկը մեզ երբեք որևէ բան չի ստիպել: Իսկ այ թե ինչը մեզ <<ստիպեց>> դարս գալ կոալիցիայից, ապա, եթե զբաղված եք եղել ու չեք հասցրել կարդալ ՕԵԿ քաղխորհրդի՝ կոալիցիայից դուրս գալու որոշումը, հոգ չէ, կարծում եմ, ամառային այս արձակուրդային շրջանում կկարդաք ու կհասկանաք: Հուշեմ, որ քաղխորհրդի տվյալ որոշման տեքստը հրապարակել են հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ:
Ձեր մյուս հարցը՝ <<Ի՞նչ եք մտածում ձեր «բազմահազարանոց» միտինգի մասին>>:
Իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի մտածեն նրանք, ովքեր օր ու գիշեր երազում էին, որ հանրահավաքը չկայանա, բայց այն կայացավ: Դեռ հանրահավաքից առաջ, երբ մի քանի ճիվաղներ շնչակտուր հակաքարոզչություն էին անում, որ մարդիկ չմիանան հանրահավաքին, ես ընդամենը հետևյալն եմ ասել ու հիմա էլ կրկնում եմ՝ հավան չեք մեր կազմակերպած հանրահավաքին, դուք հրավիրեք, դուք կազմակերպեք, տեսնենք դուք ոնց եք կազմակերպում: Արձակուրդ գնալ, հանգստանալ բոլորն են ուզում, իսկ օգոստոսի 1-ից հոսանքի թանկացումը սարերի հետևում չէ: Ի դեպ, նույն խորհուրդը նաև ձեզ եմ տալիս <<Պարոն Հեղափոխություն>>, մանավանդ, որ այնպիսի կեղծ անվան տակ եք հանդես գալիս, որ առաջին հայացքից թվում է, թե լցված եք անօրինականությունների դեմ պայքարի անշեջ ոգով: Իսկ իրականում…
Ամփոփեմ: <<Պարոն Հեղափոխություն>>, ինչպես տեսնում եք բոլորովին էլ դժվար չէր ձեր հարցերին պատասխանելը, ինչպես դուք էիք ենթադրում: Պարզապես ձեզ չէր խանգարի մի քիչ ավելի շատ մամուլ կարդալ, հեռուստացույց դիտել, մարդկանց հետ շփվել: Դա ձեզ կօգնի մյուս անգամ որևէ այլ քաղաքական գործչի բաց նամակ գրելուց առաջ, հարցերը ավելի բովանդակային ձևակերպել:
Նշեմ նաև, որ որևէ այլ նման կարգի հարցադրումների այլևս չեմ պատրաստվում պատասխանել:
Արթուր Միսակյան