Ըստ անգլիական «Գարդիան» թերթի, Լոնդոնում բնակելի շենքերի կառուցապատում իրականցնող կազմակերպությունները սկսել են կիրառել «նոր տեխնոլոգիա»՝ վերջերս բազմաբնակարան շենքեր կառուցելիս առանձին մուտքեր են կառուցում հարուստների և այսպես կոչված՝ «հետնամուտքեր»՝ աղքատների համար: Խնդիրն այն է, որ իբր սոցիալական արդարության ապահովման նպատակով պետությունը կառուցապատողներին շինարարության թույլտվություն է տրամադրում միայն համեստ միջոցների տեր մարդկանց համար բնակարաններ հատկացնեու պարտավորություն ստանձնելու պարագայում: Սակայն մուտքերը հարուստների և չունևորների համար առանձնացվում են:
Ըստ թերթի, այս երևույթն արդեն անվանվել է «աղքատների դռներ»: Ավելին՝ այդպիսի տներում հարուստների և աղքատների համար առանձին աղբատարներ, փոստարկղեր և հեծանիվը կայանելու տեղեր են կառուցում:
Երևույթին արձագանքել են ձախ ուժերը: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի Կանաչների կուսակցությունը դատապարտել է այդ երևույթը՝ կառուցապատողներին մեղադրելով «հասարակ մարդկանց չհարգելու համար»:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, նման միտում առկա է նաև Նյու Յորքում: Մանհեթենի հայտնի թաղամասում բազմաբնակարան շենքը 2 մուտք կունենա՝ հարուստների և աղքատների համար: Սակայն Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն խոստացել է միջոցներ ձեռնարկել նման գործունեություն ծավալող կառուցապատողների դեմ: Նյու Յորքում, ինչպես երևում է, պատկան մարմինների արձագանք արդեն իսկ կա: Սակայն Լոնդոնում, հավանաբար, նմանատիպ երևույթները զարմանք, ու առավելևս զայրույթ չեն առաջացնում:
Կառուցապատողները, բնական է, գտել են արդարանալու ձևը և հայտարարում են, որ դա արվում է հենց բնակիչների շահերից ելնելով, քանզի պակաս ապահովված բնակիչները կարող են օգտվել «հետնամուտքից» և այդպիսով չվճարել այսպես կոչված «լրացուցիչ ծառայությունների» համար, որոնց ցանկը չի պարզաբանվում:
Իհարկե, լավ է, որ Երևանի նորակառույց շենքերում տարբերակված մուտքերի խնդիր չկա: Սակայն վատ է, որ դրանք այսպես թե այնպես պակաս ապահովված խավերի համար մատչելի չեն, իսկ բնակարանների պարտադիր հատկացման նորմ, դժբախտաբար, չունենք:
Գոռ Սաղաթելյան