16.07.2014
1 / 5
Հուլիսի 16-ին ԱԺ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց, որ պատգամավորներ Մնացական Մնացականյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ հուլիսի 4-8-ը մասնակցել են Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կայացած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական՝ քառասուներորդ նիստի աշխատանքներին:
Տիկին Եսայանը նշեց, որ յուրաքանչյուր տարի վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է 78 երկիր, որոնցից միայն 49-ն է լիիրավ անդամ: Հայաստանը ՖԽՎ աշխատանքներին մասնակցել է 2004 թ.-ից դիտորդ անդամի, ապա 2009թ.-ից՝ ասոցացված անդամի կարգավիճակով:
Մարգարիտ Եսայանն ուրախությամբ փաստեց, որ հուլիսի 7-ին ՖԽՎ լիագումար նիստում պաշտոնապես հայտարարվեց ՀՀ Ազգային ժողովի՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ դառնալու մասին:
Անդրադառնալով անդամակցության գործընթացին՝ Մարգարիտ Եսայանը նշեց, որ դեռեւս 2014 թ.-ի հունվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել էր ՖԽՎ գլխավոր քարտուղարին՝ ՀՀ Ազգային ժողովին լիիրավ անդամի կարգավիճակ տալու համար: Իսկ 2014 թ.-ի փետրվարին Ռաբաթում կայացած ՖԽՎ Բյուրոյի նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ ԱԺ-ի՝ ՖԽՎ-ում լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը: Տիկին Եսայանը նշեց, որ ՖԽՎ լիիրավ անդամակցությունը Հայաստանի համար կստեղծի նոր հնարավորություն՝ բարձրացնելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային կառույցներում եւ շփվելու ֆրանկոֆոն երկրների հետ նույն հարթության վրա: Որպես ԱԺ պատվիրակության ղեկավար՝ տիկին Եսայանը ՖԽՎ նիստում հանդես է եկել շնորհակալական խոսքով՝ կարեւորելով ՀՀ ԱԺ եւ ՖԽՎ կապերի խորացումը եւ համագործակցության զարգացումը:
40-րդ նստաշրջանի շրջանակներում ՖԽՎ գլխավոր քարտուղար Պասկալ Տեռասի հետ ունեցած զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է 2015 թ.-ին Երեւանում ՖԽՎ Բյուրոյի կամ հանձնաժողովներից մեկի նիստ անցկացնելու՝ ԱԺ պատրաստակամությունը, որի մասին 2014 թ.-ի մայիսի 29-ին ՖԽՎ գլխավոր քարտուղարին նամակով տեղեկացրել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Պարոն Պասկալ Տեռասը խոստացել է ընդառաջել ՀՀ ԱԺ ցանկությանը:
ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մնացական Մնացականյանը կարեւորեց ՀՀ ԱԺ լիիրավ անդամակցությունը վեհաժողովին եւ նշեց, որ ՖԽՎ-ն կարեւոր հարթակ է մեզ հուզող խնդիրները ներկայացնելու միջազգային հանրությանը: Պարոն Մնացականյանը նշեց, որ մասնակցել է Համագործակցության եւ զարգացման հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի թեմաները:
Մարգարիտ Եսայանը մասնակցել է Քաղաքական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում անդրադարձել են ֆրանկոֆոն տարածքում քաղաքական իրավիճակին, ներկայացվել են զեկույցներ ժողովրդավարության, արդարադատության հասանելիության մասին:
Պատվիրակները պատմեցին նաեւ Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին, որի ընթացքում պատգամավորները կանադահայերի հետ զրուցել են Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող խնդիրների մասին:
Ասուլիսի ավարտին Մարգարիտ Եսայանը եւ Մնացական Մնացականյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Մարգարիտ Եսայան