Շաբաթներ շարունակ սահմանապահ ժողովուրդն արտերը, որով պետք է լուծի օրվա ցամաք հացի խնդիր, հնձում է ադրբեջանական կողմի ուժեղ կրակոցների տակ, երբեմն կրակոցից խուսափելու համար աշխատում են գիշերը՝ մթության մեջ պատսպարվելով:


Շաբաթ Չինարիում թշնամին այլանդակ կրակոցներ է արձակել արտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ, որոնց անվտանգությունը պահպանելու համար այնտեղ է գտնվել նաև Կարմիր Խաչի անձնակազմը, սակայն հարևանները՝ սովորության համաձայն հերթական անգամ անտեսել են միջազգային պարտավորություներն ու ինչպես գյուղացիներն են ասում, կրակել են նույնիսկ Կարմիր Խաչի մեքենայի ուղղությամբ…


Սահմանամերձ ՉԻՆԱՐԻ, ՄՈՎՍԵՍ, ԱՅԳԵՊԱՐ, ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐ գյուղերում իրավճակն ամբողջությամբ տարբերվում է, ինչպես մեր երկրի մյուս բոլոր գյուղերից, այնպես էլ նույնիսկ սահմանամերձ մյուս գյուղերից ու պահանջում է հրատապ լուծումներ…


ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ, քանի որ մեր սահմանապահները ոչ միշտ ունեն իրենց խնդիրները Ձեզ ներկայացնելու հնարավորություն, ուստի իրենց խոսքն եմ ուղղում ու խնդրում եմ ականջալուր լինել, ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ գոնե հացի խնդիր լուծել, որպեսզի իրենք արյան գնով չվաստակեն իրենց մի կտոր հացը, մինչ դուք հերթական միլիոններն եք դուրս գրում պահուստային ֆոնդից հերթական ծառայողական մեքենաները գնելու, հերթական աննպատակ միջոցառումը կազմակերպելու և այլնի համար...


Գյուղացիները լավ հասկանում են, որ թշնամու նպատակն է թույլ չտալ հաց վաստակել, որպեսզի ստիպված թողնեն ու հեռանան գյուղերից, բայց եթե չենք կարողանում լռեցնել հակառակորդին, ապա պետք է ամեն բան անենք սահմանապահների գոնե սոցիալական հարցերին հրատապ լուծում տալու համար...


Այս սեզոնին, երբ գյուղերում եռում է հողագործական աշխատանքները, որով ժողովուրդը պետք է ամբողջ տարվա հացի հարցը լուծի, արդեն մի քանի տարի գրեթե նույն այս վիճակն է սահմանում, սակայն նորություն չեմ ասի, որ թշնամին տարեց տարի ավելի ու ավելի է կատարելագործում կրակահերթերն՝ ավելի ու ավելի մաշելով սահմանապահ ժողովրդի նյարդերն ու համբերությունը…


Ու թեև սահմանապահ ժողովուրդը շարունակում ա ապրել հայրենի գյուղի իրենց տներում, հայկական գյուղերին բնորոշ բոլոր առօրյա հոգսերին գումարված ամենօրյա կրակոցների տակ, բայց մի՞թե բարոյապես արդար է այս ժողովրդին այս կարգի մենակ թողնելը…

 

 

 
Աբրահամյան Գոհար