Եթե չեմ սխալվում, վիճարկվող տարածքներում բնակվող հրեաներին թույլատրված է զենք ունենալը, բայց կարծեմ տրվածը բանակային սպառազինություն է և հաշվառված: Դա արված է նրանց անվտանգության ապահովման նպատակով:
Իհարկե, այս դեպքում կասվի, որ հրեաները հայեր չեն, բայց այլ դեպքերում նույն մարդիկ սովորություն ունեն ասելու, թե հրեաներից ինչով են պակաս: ՀՀ վարչակազմը բնականաբար սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք չի բաժանի, քանի որ վախ կա, որ այդ զենքը կուղղվի հենց վարչակազմի դեմ: Պաշտոնապես ասվում է, որ դրա կարիքը չկա, իսկ մի քիչ ավելի ցինիկներն ասում են, թե այդ զենքը կուղղվի միմյանց դեմ:
Հայերի և հրեաների տարբերությունը հենց այն է, որ հրեան կարիք չունի իրեն ամրագրված զենքն ուղղելու իշխանավորի դեմ, որովհետև եթե չհավանեց որևէ քաղաքական ուժի' հաջորդ ընտրություններին ուղղակի չի ընտրի, իսկ մեզանում, գիտեք, մարդիկ ինքնաընտրվում են, և այդ ընտրությունների միջոցով որևէ բան փոխելու հնարավորությունը հայերը չունեն:
Վախթանգ Սիրադեղյան