Վիչեն Օրմանյանը (1844 - 1889) ծնվել է Կ. Պոլսում: 1863-1865 թթ. ուսանել է Հռոմում, ստացել բժշկության ու վիրաբուժության դոկտորի վկայական: Հետագայում ուսումը կատարելագործել է Փարիզի ու Լոնդոնի բժշկական համալսարաններում: 1873 թ. վերադառնալով Կ. Պոլիս՝ աշխատանքի է անցել Սուրբ Հակոբ հիվանդանոցում՝ որպես բժշկապետ, ապա՝ վերատեսուչ և հոգաբարձության ատենապետ: 1879-1889 թթ. Սուրբ Փրկիչ հիվանդանոցի բժշկապետն էր: 1883-1886 թթ. հիվանդանոցի հոգաբարձության քառամյա տեղեկագրում 104 մեծադիր էջ է զբաղեցնում դոկտոր Օրմանյանի պատրաստած «Հիվանդներ» մասը, որը, որպես գիտական կարևորություն ունեցող մի գործ, պարունակում է վիճակագրական ցուցակներ, շահեկան խորհրդածություններ հիվանդանոցի և նրա բաժանմունքները կազմող, այն ժամանակվա տերմինաբանությամբ՝ «Հիմարանոցի» ու «Ապուշանոցի» մասին: Փաստորեն, Վ. Օրմանյանը հայ և թուրք իրականության մեջ առաջինն է, որ կատարել է հոգեկան հիվանդություններին նվիրված ուսումնասիրություններ, գրի է առել հիվանդների բուժական ու հոգեկան կյանքին վերաբերող սեփական դիտարկումներն ու խորհրդածությունները: Որոշ ժամանակ պետական պաշտոն է վարել զինվորական հիվանդանոցներում։

Լուսանկարում՝
Մահմուդ Բ սուլթանի մտերիմ բարեկամ ու խորհրդատու, հայ մեծահարուստ Հարություն ամիրա Պեզճյանի (Գազազ Արթին) հիմնած Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ հայոց ազգային հիվանդանոցն է, որը գործում է մինչ օրս եւ համարվում է Թուրքիայի լավագույն բուժհաստատություններից մեկը։