1. Մի՛ ամաչեք արտահայտել սեփական կարծիքը:


Հոգու խորքում տանջվելը, ինքն իրեն ներսից կրծելը վնասակար է առողջության համար: Եթե չեք կարողանում ձեր մտքերն արտահայտել բարձրաձայն, ապա օգտվեք «օրագիր-նոթատետր» մեթոդից: Ամերիկյան գիտնականները և բժիշկները հաստատում են, որ նման գրավոր ինքնավերլուծությունը շատ արդյունավետ, ոչ թանկ և գլխավորը' շատ պարզ ու հասարակ միջոց է սթրեսի դեմ պայքարելու համար:


2. Արձակեք «ցասման» նետեր, կատարեք մերսում:


Ափերից դուրս եկած ժամանակ հին հռոմեացիները կոտրում էին այդ պահին ձեռքն ընկած կավե ամանները, իսկ անտիկ հույները գնում էին նետ ու աղեղ արձակելու: Այսօր հոգեբանները խորհուրդ են տալիս պատից կախել թիրախ և փոքրիկ նետերով աշխատել խոցել նպատակակետը' միաժամանակ արտանետելով ձեր ներսում կուտակված զայրույթը:Նյ արդային լարվածությունն անպայման կթուլանա:


Մերսումը ևս լավագույն միջոցներից մեկն է բացասական զգացումներից ձերբազատվելու համար: Երկու ձեռքերի մատները դրեք ճակատին, շրջանաձև շարժումներով մերսելով՝ մոտեցեք քունքերին, ապա մերսեք գլուխը' նախ ճակատից մինչև ծոծրակ, հետո' հակառակը:


3. Ձեր մտքում թող իշխեն դրական հույզերն ու զգացմունքները: Սնվեք' հետևելով որոշակի կանոնների:


Մտածե՛ք այն բաների մասին, ինչ ունեք, այլ ոչ թե այն մասին, թե որքան բան չունեք: Աշխատե՛ք չմտահոգվել կորցրածի կամ անիմաստ անցակրած ժամանակի համար: Հիշեք հայտնի օրենքը. «Եթե ինչ–որ տեղից ինչ-որ բան պակասել է, հաստատ մեկ ուրիշ տեղ նույնքան բան ավելացել է»: Այն մարդիկ, ովքեր հետևում են կյանքի այս փիլիսոփայությանը, չեն տառապում նյարդային լարվածությունից:


Պարզվել է, որ մեր սնունդը նույպես կարող է «կառավարել» մեր տրամադրությունը և պայքարել սթրեսների դեմ: Մեկ գավաթ սուրճը կամ տաք շոկոլադը, մի գդալ մեղրը, որևէ միրգ' տանձ կամ սեկևիլ, կամ պարզապես ձեր ամենասիրած ուտեստը կօգնեն ձեզ մոռանալ մանր-մունր տհաճությունները:

 

4. Գիտակցե՛ք ձեր հնարավորությունների սահմանը:


Նյարդային սթրեսից համեմատաբար շատ են տառապում մաքսիմալիստները, ովքեր ձգտում են կատարելության ամեն ինչում, պատրաստ են ցանկացած զոհաբերության' հանուն հաջողության: Նրանք հիվանդագին են տանում նույնիսկ փոքր անհաջողությունը, անգամ եթե գիտակցում են, որ ոչ ոք ապահովագրված չէ անհաջողությունից: Աշխատե՛ք ճիշտ գնահատել ձեր հնարավորությունները, աշխատե՛ք ուժերի ներած չափով: Ուրախացե՛ք ձեր կատարած գործով, գիտակցե՛ք, որ մարդն անսխալական չէ, ընդունե՛ք ձեր անհաջողությունները որպես կյանքի փորձ: Մի՛ վազեք անիրականանալի երազանքների հետևից:


5.Աշխատեք կախվածության մեջ չլինել շրջապատից:


Որքան շատ եք հաշվի առնում շրջապատի մարդկանց կարծիքները, այնքան ավելի անվստահ եք դառնում, չեք պաշտպանում ձեր տեսակետները, այդպիսով Դուք հոգեբանորեն դառնում եք ավելի խոցելի: Ակտիվացրե՛ք ձեր ներքին «Ես»-ը, ապավինե՛ք ինքներդ ձեզ և ձեր ուժերին, հնարավորինս քիչ դիմեք ուրիշների օգնությանը, փորձե՛ք ինքնուրույն ելք գտնել ստեղծված իրավիճակից:


6. Մի՛ ապացուցեք ձեր ճշմարտացիությունը:


Մի՛ փորձեք շրջապատին համոզել ձեր ճշմարտացիության մեջ, եթե նույնիսկ 100%-ով համոզված եք դրանում: Լեոնարդո դա Վինչին մարդկանց բաժանում էր երեք կատեգորիայի: Ըստ այդ բաժանման' առաջինները տեսնում են այն, ինչ որ դուք. նրանց հետ հեշտ է լեզու գտնել: Երկրորդները ունակ են տեսնել ձեր ցույց տված պատկերի իրական գույները. սրանց հետ, համենայն դեպս, կարելի է, հնարավոր է բանակցություններ վարել: Երրոդները նայում են ամբողջ ուշադրությամբ և ոչինչ չեն տեսնում. նրանց որևէ բան ապացուցելը նույնն է, ինչ կույրին սովորեցնեք սպեկտրալ անաիզ:


7 . Սովորե՛ք իրապես գնահատել ձեզ:


Ամերիկացի հոգեբաններն ունեն մի մասնագիտական անեկդոտ' այցելուին հարցնում են. «Ո՞վ եք դուք »: Շիզոֆրենիկն առանց մտածելու պատասխանում է. «Ես Աբրահամ Լինքոլնն եմ»: Սթրեսից ընկճված նևրոտիկն ասում է. «Ես կցանկանայի նախագահ դառնալ, բայց չեմ կարող' փող չունեմ, ամեն ինչ վերահսկվում է օլիգարխների կողմից»: Նորմալ մարդը դատում է այսպես. «Ես ես եմ, Աբրահամ Լինքոլնը Աբրահամ Լինքոլնն է: Ես իմ խնդիրներն ունեմ, նա' իրենը»: Կարողացե՛ք գնահատել ձեր ունեցածը. սա է կյանքի գլխավոր իմաստությունը և փիլիսոփայությունը, միակ միջոցը' պահպանելու ներքին ներդաշնակությունը, առանց որի հնարավոր չէ երազել ամուր առողջության մասին:


8. Մի՛ մոռացեք բուժիչ խոտաբույսերի մասին:


Շատ բույսեր կան, որոնք օժտված են բուժիչ, հակասթրեսային հատկություններով: Ալոճենու 50 գ. պտուղների վրա լցրեք 0.5 լ եռջուր, թողեք թերմոսի մեջ ամբողջ գիշեր և խմեք օրվա ընթացքում 3-4 անգամ 0.5 –ական բաժակ: Հոգնածությունը վանելու համար խորհուրդ է տրվում 1-2 թեյի գդալ հնդկական թեյը լցնել թերմոսի մեջ, վրան լցնել 0.5 լ. եռացրած ջուր, թողնել ամբողջ գիշեր, խմել օրը 2 անգամ 1- ական բաժակ: Համաձայն ժողովրդական հավատալիքների' սթրեսից ազատում են կեչու և ուռենու ճյուղերը: Մի քանի ճյուղ դրեք ծաղկամանի մեջ և դրեք ձեր ննջարանում՝ մահճակալի մոտ:


9. «Լվացե՛ք» ձեր սթրեսը ծորակի ջրով:


Ոչ մի միջոց այնքան շուտ չի կարող «լվանալ» սթրեսը, որքան ջուրը: Տաք լոգանք ընդունեք կամ կանգնեք ցնցուղի տակ. տաք ջրի հաճելի շիթերը կլվանան – կտանեն օրվա ընթացքում կուտակված լարվածությունը:Լո գանք ընդունելիս խորը շունչ քաշեք, դեմքի կզակը և քիթն ընկղմեք ջրի մեջ և արտաշնչեք քիչ բացված շրթունքների արանքից, մտածեք, որ Դուք արտամղում եք օրվա ընթացքում կուտակված զայրույթը, լարվածությունը: Եթե լոգանքի կամ ցնցուղի հնարավորություն չունեք, ապա լայն շիթով բացեք ծորակը և թողեք, որ ջուրը հոսի' ցայտեր անելով: Նստեք լվացարանին այնքան մոտ, որ կաթիլները ցայտեն ձեզ վրա, շնչեք այդ օդը 10 րոպե:


10. Մի՛ խնայեք ձեր ժպիտը:


Մարդու օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է. բավական է շուրթերի անկյունները մի քիչ վեր բարձանան, հենց այդ պահին ուղեղին է հասնում ռեֆլեկտորային ազդակը' կյանքը հիասքանչ է: Դրանից հետո սթրեսն այլևս անելիք չունի: Կատարեք ամենապարզ ու հասարակ հակասթրեսային վարժությունը. փակեք աչքերը և ժպտացեք 5-10 րոպե կրկնելով կախարդական արտահայտությունը. «Ամեն ինչ լավ կլինի»: Եվ, իրոք, կլինի:


11. Լաց եղեք ու թեթևացեք:


Գիտնականները պարզել են, որ արցունքները շատ հուսալի դեղամիջոց են սթրեսի դեմ։ Տղաները, որոնց մանկությունից ներշնչում են, որ լաց լինելը ամոթ է և վայել չէ տղամարդուն, մեծանալով՝ սկսում են տառապել փնջաձև գլխացավերից, որը կոչվում է այրական միգրեն։ Գլխացավի այս տեսակը կանանց չի սպառնում, որովհետեւ նրանց չի արգելվում լաց լինել։ Նրանք կարող են արցունքներին ազատություն տալ թե՛ ուրախության, թե տխրության պահին։ Մինչդեռ տղամարդն իրավունք չունի թեկուզ մեկ կաթիլ արցունք թափել։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում բարձր բղավել։ Դա նույնպես օգնում է թոթափել ներսում կուտակված լարվածությունը։ Բարձր ձայնը սարսափեցնելու միջոց չէ, այլ հոգեբանական այլընտրանք է արցունքներին։


12. Առավոտյան վաղ արթնացեք:


Թանկարժեք ժամանակի պակասը զգում է մեզանից յուրաքանչյուրը, և դրա սղությունը, անկախ մեզանից, ազդում է մեր նյարդային համակարգի վրա։ Երբ աշխատանքի գնալուց առաջ ժամանակի պակաս եք զգում, վաղ առավոտից նյարդային լարված վիճակի մեջ եք ընկնում։ Նման վիճակում Դուք առավել խոցելի եք, և սթրեսի առաջացման հավանականությունն ավելի մեծ է։ Նման իրավիճակներից խուսափելու համար ժամացույցի սլաքը առաջ տարեք 10-15 րոպեով և օրը կսկսեք լավ տրամադրությամբ։


13. Ականջ դրեք ձեր ներքին ձայնին:


Անհաջողության շրջանը լավ առիթ է մտքիդ եկածն անելու համար։ Գուցե ինչ-որ ժամանակ ցանկացել եք որևէ գործով զբաղվել, բայց ոչ մի կերպ ժամանակ չէիք գտնում, հիմա մի՛ կորցրեք այդ հնարավորությունը։ Ինքներդ ձեզ հրահանգ տվեք՝ հիմա կամ երբեք։ Առաջարկում ենք մեկ այլ տարբերակ, նոր զգեստ գնեք, կտրուկ փոխեք սանրվածքը, մի խոսքով, ինքներդ ձեզ համար ավելի հաճախ կազմակերպեք փոքրիկ տոներ, քանի որ արժանի եք։ Եվ, վերջապես, կարող եք մեծ մաքրություն կազմակերպել։ Թափթփված, անհարմարավետ բնակարանը, անկախ ձեր կամքից, ազդում է ձեր մտքերի և տրամադրության վրա։


14. Ձգտեք միայնության:


Ամեն օր գոնե կես ժամ փորձեք մնալ ինքներդ ձեզ հետ։ Մեծ քաղաքների բնակիչները ավելի հաճախ են տառապում նյարդային լարվածությամբ, որի պատճառը «անձնական» տիրույթի բացակայությունն է։ Ցանկալի է, որ օրվա մեջ մենակ մնաք ինչ-որ մի ժամանակ, որը, ըստ նախասիրության, կանցկացնեք լռության մեջ կամ ձեզ հաճելի երաժշտության ընկերակցությամբ։ Այսօր մարդու տրամադրության և նյարդային համակարգի վրա, անկախ իր կամքից, կարող են ազդել շրջապատի շատ ու շատ մեծ ու փոքր դեպքեր ու հանգամանքներ։ Երբեմն ազատություն տվեք ձեր երևակայությանը, կատարեք մտքով անցած քայլը, արեք այն, ինչ այդ պահին ուզում եք։ Դրանով իսկ կխուսափեք լարվածության բեռն ամբողջ օրը կրելուց։ Լավատես եղեք և վայելեք ձեզ բաժին ընկած ուրախությունը։