Դժվարանում եմ ասել,երբ էր առաջին հանդիպումը,որովհետև մենք նույն շրջանի սեղծագործողներ ենք,դերասաններ ենք,թատերական գործիչներ,որտեղ ենք հանդիպել առաջին անգամ,ինչպես է եղել՝ չի հիշվի,պարզապես հիշում եմ Կիմ Երիցյանին,որ առաջին անգամ տեսա. եթե լավ դերասան է ամեն մեկի համար հայտնագործություն է դառնում,կարծես դու գտար նրան,ուրիշները չգիտեին և դու գտար:Ընկերական շրջապատում բոլորս նրան շատ լավ գիտեինք,բայց երբ նրան որպես ստեղծագործող ես ճանաչում, քեզ թվում է՝ դու հայտնագործեցիր նրան,հետո արդեն սկսվում է նաև մտերմությունը,իսկ մտերմությունը մի քանի աստիճան բարձրացնում է նրան,ավելի ճիշտ, դու ես՝ շնորհիվ նրա բարձրանում,որ նրան հասնես,որ նրան տեսնես,որ նրան հասկանաս:
Շատ ընտիր անձնավորություն էր, շատ, մարդկային բարձր հատկանիշներ ունեցող:Մարդկային վերաբեմունքը,հանդուրժողականությունը,ներողամտությունը. սրանք շատ դժվար ձեռքբերովի բաներ են,սրանք հատկանիշներ են,որոնք, եթե ցուցադրաբար ես ձեռք բերում,անմիջապես պարզ է դառնում,որ ցուցադրելու համար արեցիր,իսկ եթե իսկապես մարդ այդպիսին է,Աստված նրան այդպիսին է ստեղծել,երբևէ որակը չի կորցնում,դու ես քեզ ճշտում նրա հետ հանդիպումների ժամանակ:Կիմը այդպիսի մարդկանցից էր,նա իր որակը երբեք չփոխեց,մնաց նույն Կիմ Երիցյանը,նույնիսկ դժբախտ պատահարից հետո,որին նա հանդիպեց ավտոմեքենայից դուրս գալու ժամանակ, ցած ընկավ,կողը ջարդեց,շատ դժբախտ բան էր դա, շատ ցավալի բան էր,իմ ներկայությամբ եղած բան էր…
Դեպքը կարծեմ կատարվեց Ջերմուկում,բայց լավ չեմ հիշում,համենայն դեպս Երևանում չէր,ինչ-որ տեղ նստած էինք,զրուցում էինք,հետո մեքենայով շարժվեցինք:Մեքենան վարողը երևի շատ փորձված մեկը չէր'երիտասարդ,պատանի էր նույնիսկ,շատ մոտ կանգնեցրեց առվակի եզրին,իսկ Կիմը չնկատեց,որ այդքան մոտ էր,դուռը բացեց և դուրս եկավ,անմիջապես ցած ընկավ: Ցած ընկավ և կողը ջարդեց:Բուժումը բավականին երկար տևեց,նա այդ այդ դժվարությունը հետը տարավ,հետը տարավ երևի: Այդ դժվարությունը նրան մեծապես խանգարեց: Բայց զարմանալին այն էր,որ ես երբեք նրանից ո’չ դժգոհություն,ո’չ կշտամբանքի խոսք,որևէ դառը բառ չլսեցի այդ առիթով:Ես նրան անտրամադիր երբեք չեմ տեսել:
Իմ կարծիքով ամենամեծ հատկանիշը մարդկային լինելն է,ես նրա հետ այդքան շատ շփումներ չեմ ունեցել,բայց ինձ համար անջնջելի մնաց այն,ինչը որ քիչ առաջ ասացի,այն դժբախտությունը,որի պատճառով երկար ժամանակ անկողնային դարձավ,ես գոնե մեկ անգամ նրանից դժգոհություն 'իր անորոշ վիճակի համար, չլսեցի,նա այնպես, հեշտությամբ տարավ այդ բանը, դա էր նրան տրված, վերջացավ գնաց, նա հարմարվեց, կարծես թե. դա զարմանալի բնավորություն է,մարդկային շատ բարձր հատկանիշ է,որը, ցավոք,Աստված ոչ բոլորին է տվել,որովհետև եթե բոլորը այդ հատկանիշը ունենային, հասարակությունը ուրիշ ձև ու դեմք կունենար:
Եթե չեմ սխալվում,մենք նկարվել ենք <<Հարսնացուն ՋԵրմուկից>> ֆիլմում. ստեղծագործական կոնֆլիկտ Կիմի հետ հնարավոր չէր,կոնֆլիկտը միշտ մի դառը բան է ենթադրում,երբ որ մեկը չի զիջում, բայց հարկադրված է զիջել,դիմացինն էլ չի ցանկանում <<վրա տալ>>, բայց հարկադրված է…Կիմի հետ դա հնարավոր չէր,նրա հետ շատ հեշտ էր աշխատելը,չես էլ ասի,որ աշխատել ես հետը,դու նրա հետ շփվում էիր,մարդկային որոշակի խնդիրներ էին տալիս,ռեժիսորը քեզ կերպարի խնդիրներն էր տալիս,նստում էինք,իրար հետ շփվում էինք,ինչ-որ մեկն էլ կողքից նկարահանում էր /նա էլ իր գործն էր անում/,հետո պարզվում էր՝ դրանից ֆիլմ է ստացվել ' ստեղծագործական ուրիշ որակի:
Հոգսերը իրենն էին,ինքն իր հոգսերն ուներ,դրանք կարգավորում էր,բարձր ինտելեկտի մարդ էր,միշտ կարողանում էր խնդիրները ինքնուրույն հարթել և հանրության սեփականույունը չդարձնել, որ բոլորը մտահոգվեն ' Կիմը խնդիրներ ունի: Մեր կարծիքով, Կիմը որևէ խնդիր չուներ, գուցե թե ուներ, բայց մենք չենք տեսել:
Ես չեմ լսել, որ խորհուրդներ տար: Այդպիսի մարդկանց հետ շփվելը արդեն խորհուրդ տալ էր նշանակում:Ինձ համար պարզ է ' ինչը կարելի է անել, ինչը ' չէ: Եվ Կիմի համար էլ էր պարզ: Կարիք չկար, որ իրար խորհուրդներ տայինք:Զրուցում էինք, ընկերություն էինք անում, ստեղծագործում էինք: Մի դաշտի մարդիկ էինք, գիտեինք'ինչի համար ենք այդ վիճակում: Ասեմ, որ ստեղծագործող վիճակը այն հասարակության մեջ, գուցե նաև այս հասարակության մեջ, այնպես մի շատ նախանձելի վիճակ չէ, բայց երբ դու գիտակցում ես, թե հանուն ինչի է, արդեն դառնում է ուրիշ դաշտ, ուրիշ մթնոլորտ,ուրիշ ժամանակ: Դու ուրիշ մարդ ես, հանդիպել ես ուրիշ մարդկանց, որոնց հետ զրուցում ես, ասում ես, խոսում ես: Կիմը այդ մարդկանցից էր. իր աշխարհն ուներ,իր աշխարհի մեջ…կար:
Մենք ընկերական այն դաշտից չէինք,որ հաճախակի հանդիպեինք,հիմնականում ստեղծագորխական հանդիպումներ էին:Ես այդքան մտերիմ չեմ եղել,առհասարակ, ես չեմ կարողանում շատ մտերմություն անել:Իմ մտերմությունը այդ աստիճանի չի հասնում,որ անձնական հարցեր կիսենք:Եթե դու մարդու հետ շփվում ես, և շարունակվում է այդ շփումը, ուրեմն դուք երկուսդ գտնվում եք նույն ծածկույթի տակ:Կիմը այն մարդկանցից չէր,որ որևէ մեկի հետ հարաբերվելիս անհրաժեշտություն ունենար նրա նախատրամադրվածությունն իմանալու, որ ըստ այդմ նրա հետ շփվի: Շատ սովորական, կարգին մարդ…
Հումորը նրա ապրելաձևն էր….
Ինձ համար պարզապես հաճելի է,որ առիթ տվեցիք Կիմ Երիցյանին հիշելու,նրա մասին խոսելու և ցանկանալու, որ այս զրույցը լսողներն իմանան ՝ կան մարդիկ,որոնց Աստված ուղարկում է,որպեսզի հասարակությունը իր դեմքը,իր շնորհքը չկորցնի: Կիմը այդ մարդկանցից էր: Մեր ստեղծագործական դաշտում քիչ են պատահում արժանավոր մարդիկ,որոնց մասին խոսելու առիթը,երբ տրվում է քեզ, ուրախանում ես:
Աստված նրան ուղարկել է,որպեսզի հանրությունը,որի հետ նա շփվել է, իր ձևը,շնորքը,գույնը չկորցնի,մնա մարդկայինի սահմաններում, և նա հիանալի կատարում էր այդ աստվածատուր առաքելությունը:
Հարցազրույցը վարեցին Մերի Աղաջանյանը և Ելենա Բայանդուրյանը
Մերի Աղաջանյան