ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը հանդես են եկել հայտարարությամբ, որով ՌԴ Քննչական կոմիտեից պահանջում է փոխել Ռուսաստանում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամաբ խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից: «Արցախպրես»-ի հաղորդմամբ' հայտարարության մեջ ասված է.
«Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:
Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով՝ ձեռնպահ մնալով քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ' Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում, իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից՝ հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ բարձրակիրթ անձնավորություն՝ Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի պարզելու այն հարցերը, որոնք հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին:
Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը»:
Վրեժ Հովսեփյան