Հայ մեծահարուստ գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալումը Մոսկվայում մի տեսակ թերի էր: Ինչ որ բան հաստատ պակասում էր ամերիկյան ֆիլմերի եւ ռուսական նորագույն իրականությանը բնորոշ այս տեսարանում, թեեւ կարծես առկա էին ժանրի բոլոր մանրամասները' ոստիկանության դիտարժան հարձակում օդանավակայանում, գերված թշնամու հանդիսավոր դուրսբերումը տեսախցիների առջեւ ձեռնաշղթաներով... Նման բաներ Ռուսաստանում արել էին ադրբեջանցի դանակահարող մի խուլիգանի համար, ուղաթիռով հասցնելով նրան ՆԳՆ առանձնասենյակ, մեկ էլ Հայաստանում նույն կապիկությունը վերջերս կրկնեցին մեկ այլ ազերի մարդասպանին գոռվարդանյանական սերիալի դերակատար դառձնելով:
Սակայն Լեւոն Հայրապետյանը ոչ մարդասպան է, ոչ էլ գող, համենայնդեպս մինչեւ որեւե դատարան, անգամ Մոսկվայի չարաբաստիկ Բասմաննի դատարանը չի հայտնել հակառակը: Ուստի' ինչի’ համար է այս ողջ կրկեսը: Ծանր հիվանդ ու քաջ հայտնի ծեր մարդը ոչ մի լուրջ դիմադրություն չեր կարող ցուցադրել անգամ եթե ցանկանար: Ոչ էլ կարող էր փախչել ու անհայտանալ որեւե անհայտ կղզյակում Ինտերպոլի եւ Ինտերների այս դարում: Ուրեմն նրա ձերբակալումը Մոսկվայում նույնքան ցուցադրական էր, որքան էլ ազերի մարդասպանի ուղաթիռային հանդեսը: Իսկ եթե շարունակենք համեմատությունները' նույնքան ցուցադրական, նվաստացուցիչ եւ ապօրինի, որքան էլ Երեւանում Վարդան Պետրոսյանի դատաստանը:
Երկու դեպքում էլ հայ գործարարն ու հայ դերասանը պատանդ են վերցված: Վարդանը դա վերջերս ասաց պարզ ու անկեղծ' “Իմ վեճը' “վերեւների” հետ է”: Լեւոն Հայրապետյանը դա չի հասրել ասել այս անգամ, բայց նա դա ասում ու անում էր վաղուց: Ինչո’ւ հենց նա է դառձել կարճատես ռուսական Ֆեմիդայի թիրախը, այլ ոչ, ասենք, նրա բաժնին հավակնող “Սիստեմա” ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը, որն իր դիզած միլիարդներից ոչ միայն Գանձասարում մի պատ չի նորոգել, այլ մի դպրոց, մի գրադարան, մի բարեգործական ճաշարան չի հիմնել սեփական անունը անեծքներից մի փոքր թեթեւացնելու համար:
Քանզի նա “վերեւների հետ վեճ” չունի: Ավելին, նա աշխատում է հենց այդ “վերեւների” համար, ինչպես եւ Արա Աբրահամյանը, կամ Սերժ Սարգսյանը, կամ այդ “սիստեմայի” ավելի մանր ձկները, որոնք դեռ սպասում են “կոնսերվա” դառնալու իրենց հերթին: Ու եթե որեւե բան պակաս էր Մոսկվայի օդանավակայանում Լեւոն Հայրապետյանի ձերբակալման տեսարանում, ապա դա միայն կանացի ծաղկազարդ խալաթն էր' նվաստացման ու ծաղրի խորհրդանիշն ըստ իշխող այդ “սիստեմայի” արժեհամակարգի, քանզի հաղթանակը, թալանը, սպանությունը թերի եւ անավարտ է նրանց համար առանց մանկապղծության, կնատյացության, նսեմացման: Ընդ որում' սպանությունն այստեղ երկրորդական է, այն ավելի շատ հետեւանքն է, իսկ առաջնայինը, բուն նպատակը' հենց նվաստացումն է:
Այդպես, նվաստացնելով էին սպանում Պողոս Պողոսյանին “Պոպլավոկի” զուգարանում Քոչարյանի թիկնապահները: Այդպես էին սպանում Վահե Ավետյանին “Հանցաքարի” բակում “նեմեց” Ռուբոյի թիկնապահները: Այդպես սպանեցին նի քանի օր առաջ ազատամարտիկ Վարդան Թումանյանին: Ու գրեթե նույն օրը “կաշառակերության” սուտ ու կեղծ մեղադրանքով բանտարկեցին Լեոնիդ Ազգալդյանի “Անկախության բանակի” փոխհրամանատար Վոլոդյա Ավետիսյանին: Իսկ ութ տարի առաջ' պարգեւատրված զենքը պահելու “մեղադրանքով” բանտարկել էին Շոիշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին:
Նրանց բոլորին պատանդ էին վերցնում ու պահում: Սա տեսակի պայքար է' հայ ասպետական տեսակի դեմ հայ գողական տեսակի պայքարն է: Նայեցեք, նրանք երբեք մենամարտում չեն հաղթում , խուսափում են դրանից' հարձակվում են միայն ոհմակով, այն էլ ոչ անձամբ' միայն “թիկնապահների”, իրենց գրպանային ոստիկանության ու դատարանի միջոցով: Ու տեսակի այս պայքարն իսկապես հովանավորվում է “վերեւից”, շատ վերեւից, թեեւ իհարկե ոչ Ամենավերեւից...
Միջնադարում թուրք սուլթաններն խստորեն արգելում էին հայերին ...ձի նստել: Այսօր միգուցե տարօրինակ թվացող այս արգելքը ուներ խորագույն իմաստ' զրկել հայերին ասպետությունից, արմատախիլ անել անգամ հիշողությունը մեր փառաբանված այրուձի զորքի մասին, որը աշխարհն էր ասպատակում հիկսոսների ժամանակից մինչեւ բյուզանդական հայազգի կայսրերի օրերը: Այսօր հայ ասպետությունը կրկին հիմնական վտանգն ու թիրախն է Բյուզանդիայի ժամանակակից ժառանգների ու նրանց տեղական ստրուկների համար:
Իսկ գիտե’ք թե ինչու էին կանացի ծաղկազարդ խալաթը հագցրել դժբախտ այն հայի վրա?
Այստեղ ոչ միայն տղամարդուն կնոջ շորով կալանավայրում նվաստացնելու ստոր զվարճանքն էր, այլ նաեւ մեր ազգային դրոշը նսեմացնելու նրանց ենթագիտակցական ցանկությունն էր, քանի որ մեր եռագույնը, ինչպես եւ օրինակ ուկրաինական դեղին-կապույտը նրանց զզվելի ու անտանելի են թվում, ինչպես անճաշակ ու խայտաբղետ կանացի խալաթը... Ավելին, նրանց իրականում սեփական սպիտակ-երկնագույն-կարմիրը չի բավարարում, նրանց մեծ մասը երազում է վերադառնալ այն արնագույն կարմիր սովետական դրոշին, որը սովորաբար ծածանվում է նրանց ցույցերի ժամանակ:
Անգամ զավթված ուկրաինական արեւելքում խամաճիկ “հանրապետությունների” դրոշակներն այսօր կարմիր սովետական են կամ էլ ֆաշիստական սեւ-կարմիր:
Պատահական չէ, որ Հայաստանը նսեմացնելու “բաց դասը” Ալիեւի նամակի ընթերցմամբ տրված էր մեր անկախության տոնից անմիջապես հետո' մայիսի 29-ին, իսկ երկու տարի առաջ ռուս-թուրքական բարձրաստիճան հանդիպումը կազմակերպվեց հենց մարտի 16-ին' Հայաստանը մասնատող տխրահռչակ ռուս-թուրքական 1921 թվականի Մոսկովյան պայմանագրի կնքման օրը, եւ Մեդվեդեւը նվիրեց Էրդողանին հենց այդ “պատմական” լուսանկարի բնօրինակը:
Կասեք' էս որքան հեռացանք բուն առարկայից եւ ուր հասանք...Չհեռացանք: Մոտենում ենք: Իմ սերունդը հիշում է Երեւանում տեղի ունեցած ամենամեծ ու մարդաշատ թաղումը: Եւ դա ոչ թե Արամ Խաչատրյանի, ոչ էլ Սերգեյ Փարաջանովի, ոչ Լեոնիդ Ազգալդյանի կամ Մոնթե Մելքոնյանի թաղումն էր: Հանգուցյալի անունն էր Խաչիկ Զաքարյան, նա երիտասարդ լուսանկարիչ էր, որին 1988 թվականի ամռանը “Զվարթնոց” օդանավակայանում գնդակահարել էր տարածքը շրջապատած սովետական բանակի մի ենթասպա:
Դա մեր ազգային-ազատագրական շարժման առաջին զոհն էր ու քաղաքն արձագանքեց աննախադեպ ցասումով ու զայրույթով: հետո եղան բազմաթիվ այլ թաղումներ, զոհերի թիվը հասավ հազարների, սակայն այդ առաջին թաղումը տեսած մարդը կհասկանար, որ այս ազգը' հրաբուխ է, ինչպես իր հարազատ հողը: Պետք չէ հրաբխագետ լինել հասկանալու համար որ նոր ժայթքումը մոտ է:
Տիգրան Խզմալյան