Հուլիսի 19-ին Թբիլիսիի սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի հետ կապված նոր մանրամասներ առայժմ չկան: Թեև տեղի ունեցածը միանշանակ դատապարտելի և հայկական կողմից հստակ քայլեր ակնկալող երևույթ է, սակայն շտապողականությունն այս հարցում կարող է ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնել:


Մեր աղբյուրների համաձայն սպասողական վիճակ է նաև վիրահայ համայնքում: Ըստ իս առայժմ Վրաստանի իշխանական շրջանակներում են փորձում հասկանալ տեղի ունեածի պատճառները, հանդիպումներ ունենալ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո միայն որոշակի հստակություն կմտցվի:


Սակայն, հարկավար է ընդգծել մի քանի կարևոր հանգամանք.


1. Ի տարբերություն այլ դեպքերի, այս անգամ կոնկրետ մեղադրանք որևէ պետական կամ ոչ պետական կազմակերպության չի ուղղվում:


2. Միջադեպի մասին արտահայտված գործիչները բավարարվել են տեղի ունեցածը դատապարտելով ու կոչ անելով իրավապահ մարմիններին բացահայտել ու պատժել մեղավորներին: Այսինքն բոլորը, կարծես թե խուսափում են քաղաքական գնահատականներ տալուց և կատարվածը թողնում են կենցաղային ու իրավական հարթության վրա:


3. Միջադեպի մասնակիցների թվաքանակի վերաբերյալ տարբեր թվեր են հնչում, ինչը գուցե, ծեծկռտուքի տարերային բնույթի մասին է խոսում, երբ մասնակիցների' խիստ մոտավոր թիվ է նշվում:


Սա կամ իրոք պատահաբար առաջացած ու զարգացած միջադեպ է, որը խոսում է Վրաստանում առկա հակահայ տրամադրությունների մասին, կամ էլ այս ամենի հետևում թաքնված են Հայաստանի ու Վրաստանի սահմաններից դուրս գտնվող ուժեր, ու այդ հանգամանքը ստիպում է կողմերի լինել չափազանց զգուշավոր:


Գուցե երկուսը միասն:

 

Դավիթ Պետրոսյան