Քիչ առաջ ծանոթացա Տեր-Պետրոսյան Լևոնի հարցազրույցին:


Հետևություններս հավատացեք միայն այդ հարցազրույցի արդյունք չէ: Ցավոք այդ գործիչը իր վերաիմաստավորման ողջ փորձաշրջանը տապալելով հանդերձ, տապալում է նաև "նախկին նախագահ" բարձր առաքելությունն ու ինստիտուցիոնալ ընկալումները:


Այն, որ Տեր-Պետրոսյանը կարող է բավարար ինֆորմացիա չունենալ, դա հասկանալի և պարզ է իր այսպես կոչված հրատապ հարցազրույցից: Այդ պատճառով էլ հարցազրույցում քիչ չեն իրականությունից հեռու հայտարարությունները: Բայց, որ մեր երկրի առաջին նախագահը իրավունք ունի գավառական մեթոդաբանությամբ, առանց բավարար տեղեկատվության, հաշվի չառնելով օրեցօր փոփոխվող և վտանգներով ու սպառնալիքներով հարստացող արտաքին աշխարհի գործոնները' զբաղվել վերլուծությամբ, դա համարում եմ անընդունելի նույնիսկ սկսնակ գործիչների համար:
Հաջորդ հետևությունս էլ ավելի անմխիթարական է: Տեր -Պետրոսյանը պատասխանատու պահին անպատասխանատու և չարախնդացող գործչի տպավորություն է սկսում թողնել: 1998-ին ամենապատասխանատու պահին հրաժարական տվեց ու հեռացավ չարախնդալով: 2008-ին հետընտրական դժվար ու պատասխանատու պահին անպատասխանատու քաղաքական վարքով ու հայտարարություններով փաստի առաջ կանգնեցրեց ու անօրինական գործողությունների մղեց իր թիմին ու ընտրողներին: Այսօր, երբ երկիրը գտնվում է նոր ինտեգրացիոն հեռանկարների ու համագործակցության բազմակողմ հնարավորությունների պատասխանատու ճանապարհին, իր մեջ "ուժ է գտել" անհիմն հայտարարություններ անել ու անօգուտ եզրակացությունների գալ:


Ստացվում է, որ առաջին նախագահի պատվավոր տիտղոսն ու պատմական հմայքը որոշ դեպքերում կարող է խանգարել առողջ բանականությանը:

 

 

Արտակ Զաքարյան