Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջանակներում արձանագրված սխալ հաշվարկների, ձախողումների հետևանքով այդ երկրի ղեկավարության և հատկապես գործող վարչապետ ու նախագահի թեկնածու Ռ․Թ․ Էրդողանի կոշտ, հաճախ վերամբարձ հռետորաբանությանն ի պատասխան դրա թիրախը հանդիսացած մի շարք մերձավորարևելյան պետությունների ղեկավար շրջանակների և ԶԼՄ-ների կողմից վերջին 1 տարվա ընթացքում արդեն 3 անգամ է շահարկվում Հայոց ցեղասպանության թեման։ Նախ, մոտ 1 տարի առաջ Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանն ուղղված Էրդողանի կտրուկ քննադատությանն ու մեղադրանքների դեմ այդ երկրի ղեկավար շրջանակներում և լրատվական դաշտում շրջանառության մեջ դրվեց Հայոց Մեծ եղեռնի հարցը, դրա ճանաչման հնարավորությունը։ Ավելի ուշ՝ արդեն 2014-ի սկզբներին, իր հարցազրույցներից մեկում Հայոց մեծ աղետի մասին հիշատակեց 3 տարի շարունակ թուրքական իշխանությունների կողմից իրականացվող «բարեկամական» քաղաքականության թիրախը հանդիսացող Բաշար ալ-Ասադը, իսկ երկրում անարդյունք քննարկումներ նախաձեռնվեցին թեմայի վերաբերյալ։
Ամենավերջինն՝ իսրայելապաղեստինյան ընթացիկ առճակատմանը զուգահեռ՝ Հրեական պետության գործող իշխանություններին և ընդհանրապես իսրայեցիներին «ֆաշիզմի» ու պաղեստինցի ժողովրդի դեմ «սիստեմատիկ ցեղասպանություն» իրագործելու Էրդողանի մեղադրանքին հակազդեց Իսրայելի տանսպորտի նախարար Յիսրայել Կաացը՝ հիշեցնելով 1915-1918թթ․ Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից սպանված 600 հազարից 1,5 մլն հայերի մասին։
Այնուամենայնիվ, ինչ մակարդակով կամ ինչ հարթության շրջանակներում էլ արվեն նման բնույթի հայտարարությունները, կազմակերպվեն Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ քննարկումներ, առանց ոճրագործին ուղղված արդարացի մեղադրանքների, իրական կարեկցանքի, կամ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու մասին գոնե փաստաթղթային ձևակերպումների, այլ շահարկել մի ամբողջ ժողովրդի ազգային աղետը բացառապես քաղաքական նպատակներով, որպես քարոզչական պատասխան թուրքական իշխանությունների հռետորաբանությանն,առնվազն անբարոյականություն է. Հայոց ցեղասպանության թեման շարունակվում է հանդիսանալ որպես բազմակի կիրառման քարոզչական զենք՝ ընդդեմ պաշտոնական Անկարայի։
Արմեն Պետրոսյան