Թեև այսօրվանից արձակուրդի մեջ եմ, որի մասին այդքան երազում էի, բայց քիչ առաջ մի նյութ կարդացի և չեմ կարող "անտարբեր" մնալ: Մեր հերթական անիմաստ "աստղը" միտք է արտահայտել: Ավելին ես իմացա, որ Լիլիթ Հովհաննիսյանը ոչ միայն գիտի "փաստաբան" բառի իմաստը, այլև ունի փաստաբան: Եվ այսպես, տիկին Հովհաննիսյանն ասել է. < Մոտ տասը օր առաջ իմ փաստաբանները դատական հայց են ներկայացրել ընդդեմ www.blognews.am լրատվական կայքի։ Այսօր տեղեկացա, որ դատական հայցը ընդունվել է ու գրանցվել դատարանի կողմից։ Այժմ սպասում ենք դատական քննության սկսվելուն։ Լրատվական կայքը հրապարակել է հոդված, որը լի է իմ հասցեին ապատեղեկատվությամբ ու բազմաթիվ վիրավորական արտահայտություններով։ Ցավոք, լրատվամիջոցը ընդառաջ չգնաց իմ խնդրանքին, որպեսզի հոդվածը հեռացներ լրատվական կայքից ու ներողություն խնդրեր ինձ վիրավորելու համար։
Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները պետք է ունենան ազատ արտահայտվելու իրավունք, և որ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգում, սակայն անհնարին է պատկերացնել, որ դա կարելի է անել անձի արժանապատվության հաշվին։ Մինչ այժմ աշխատել եմ ցուցաբերել առավել զսպվածություն, սակայն այսուհետ հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը։>
Հարգելի Լիլիթ Հովհաննիսյան, ես ոչ մի կապ չունեմ Ձեր նշած կայքի կամ որևէ այլ լրատվամիջոցի հետ, և չեմ ուզում վիճարկել Ձեր դատի տալու իրավունքը, բայց այն երգերը, որոնք Դուք երգում եք, իսկ տարբեր ԶԼՄ-ներ տարածում են, վիրավորական են շատերի համար, այն տեսահոլովակները, որոնք Դուք նկարահանում եք' շատերի կարծիքով, այդ թվում նաև իմ' հակահիգիենիկ են: Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով կարող է երգել կամ կլկլացնել, իրավունք ունի երգել կամ կլկլացնել, բայց ոչ մեր ներվերի և առավել ևս ոչ ազգը դեգրադացնելու հաշվին: Եվ, անգամ այսքանից հետո, ես Ձեզ դատի չեմ տալիս: Գիտեք ինչո°ւ: Որովհետև Ձեզ արդեն կյանքն է դատել և տրորել: Իսկ ես ընկածներին չեմ խփում: Ընդամենը փորձում եմ օգնեմ, թեկուզ այս նամակով:
Կարեն Քոչարյան