Մինաս Ավետիսյանը հայ գեղանկարչության հանճար է: Նա ինչպես վառվող գիսաստղ երևաց երկնակամարում և շուրջը լուսավորեց բոլորին: Ցավոք սրտի, գիսաստղի նման նրա կյանքը երկար չտևեց: Նա 1960-ական թվականների հայ կերպարվեստի նոր վերելքի նշանավոր ներկայացուցիչներից է:
Մինաս Կարապետի Ավետիսյանը (20.07.1928, Ջաջուռ - 23.02.1975, Երևան) հայ նշանավոր գեղանկարիչ է, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ծնվել է 1928թ. հուլիսի 20-ին Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետիկական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը: Վերջինին ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին: Մինաս Ավետիսյանը 1947–52 թթ-ին սովորել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում, 1952–54 թթ-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1960 թ-ին ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը: Հանրահայտ են Մինասի «Տարվա եղանակները» (1960–63 թթ.), «Իմ ծնողները» (1962 թ.), «Հանդիպում» (1965 թ.), «Հորս դիմանկարը» (1965 թ.), «Շեմին» (1967 թ.) և այլ գործեր:
Նա շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները: 1962 թ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է «Երեք բալետ-նովել» (Ջոակինո Ռոսսինիի «Տիկնիկների աշխարհում», Մորիս Ռավելի «Իսպանացի աղջիկը. բոլերո», Ջորջ Գերշվինի «Նեգրական թաղամաս»), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը», Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետները: 1972 թ-ին հրդեհվել է նրա արվեստանոցը. այրվել է 100-ից ավելի նկար, մի
Մ. Ավետիսյան. «Նատյուրմորտ ձմերուկով» (1960 թ.) քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով, 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծած նրա որմնանկարները, որոնք 2008 թ-ին տեղափոխվել են Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան (հիմնադրվել է 1982 թ-ին):
Մինասը մահացել է առեղծվածային ավտովթարից, որի մանրամասները ցայսօր պարզված չեն:
Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի հայտնի մի շարք թանգարաններում: Երևանում բացվել է ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆի արվեստանոց-թանգարանը (1977), Ջաջուռում՝ թանգարանը (1982):
Մարինա Գևորգյան