Ռուսաստանն արդեն մտմտում էր Դոնեցկում և Լուգանսկում "ոչ թռիչքային զոնաներ" (no fly zone) ստեղծելու մասին, որի շնորհիվ կսկսեր ոչնչացնել ուկրաինական հրետանին: Այդ քայլով Կրեմլը ռազմուժի բալանսը կկարողանար որոշ չափով թեքել իր կողմը (ՆԱՏՕ-ի ականջը խուլ): Հիմա Ուկրաինայի իշխանությունը գնում է այդ քայլին ընդառաջ՝ հայտարարելով, որ մալազիական ինքնաթիռը խփվել է գրոհայինների կողմից, ովքեր "Բուկ" համակարգ են ստացել վերջրս: Ակնարկն ակնհայտ է. ողբերգության պատասխանատվությունը դրվում է նաև ռուսական կողմի վրա: Այսպիսով, Մոսկվան իր շուրջը հյուսվող "մարդասիրական ճգնաժամից" պետք է փորձի դուրս գալ, սակայն դրա տակից դուրս գալը կախված կլինի Կիևի նպատակային քայլերի տրամաբանությունից, որքան դրանք լինեն անզիջում, այնքան Մոսկվայի համար խնդիրներ կառաջանան, հատկապես, ներկա իրողության պայմաններում, երբ արևմտյան դաշտը նրա համար բացասական դաշտ է, որը ծավալում է բացահայտ, նույնիսկ կոնֆլիկտային մրցակցություն: Փաստորեն, Ռուսաստանն ինքնըստինքյան հնարավորություն ու ժամանակ չի ունենա մտածելու իր ծրագրի իրագործման մասին: Չի բացառվում, որ Կրեմլն ունի մեղքի իր բաժինը, բայց Կիևը կփորձի այս հարցով նրան հետ պահել իր ցանկություններից ու զրկել սեփական ծրագրերի իրագործման հնարավորություններից:
Արման Սահակյան