Մի կողմ դնենք Իսլամական խալիֆայության հետ կապված քաղաքական տարաբնույթ զարգացումները և ուշադրություն դարձնենք ոչ պակաս կարևոր մի հանգամանքի վրա:
Պետք է փաստել, որ սալաֆիական ջիհադը առաջին հերթին ուղղված է Իսլամի ներքին թշնամիների դեմ: Սա հղի է լուրջ վտանգներով, քանի որ քաղաքական տարբեր ենթատեքստերի ներքո տարածաշրջանի շահախնդիր ուժերը հնարավոր է սանձազերծեն Իսլամի երկու ուղղությունների' Սուննիների և Շիաների բախում, որը իսկական աղետ կարող է հանդիսանալ տեղի խաղաղ բնակչության համար:

 


Նշենք որ Իրաքի տարածքում են գտնվում Շիական երկու խոշորագույն կրոնական կենտրոնները' Նեջեֆը և Կերբալան, Սուֆիական մի շարք խոշոր կենտրոններ: Հաշվի առնելով մի շարք շիական մզկիթների և սուֆիական կենտրոնների ոչնչացման նախադեպերը , վերոհիշյալ ուխտագնացության խոշորագույն կենտրոնների նկատմամբ հաշվեհարդարը ևս չի բացառվում:

 


Ինչպես գիտենք Շիական խոշորագույն տոն հանդիսացող Աշուրան կամ Շախսեյ-Վախսեյը նվիրված է Կերբալայում սպանված երրորդ իմամ Հուսեյնին: Այդ տոնակատարության ժամանակ մեկ անգամ չէ որ ի հիշատակ իմամի եղերական սպանության շիա մոլեռանդ հավատացյալները կամովին սրախողխող են եղել: Այս ամենը հաշվի առնելով կարելի է ենթադրել թե հանուն սրբավայրերի պաշպանության շիաները ինչի են ընդունակ և դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել:

 


Ի դեպ վերոհիշյալ կանխատեսումները հաստատվում են այնքանով, որ մինչ այժմ տարածաշրջանի գրեթե բոլոր եռացող կետերում միամիանց դեմ ուղղակի թե անուղղակի հակամարտում են մի կողմից շիական Իրանը, իսկ մյուս կողմից սուննիական աշխարհում լուրջ հավակնություններ ունեցող Թուրքիան, ծոցի արաբական միապետությունները' Սաուդյան Արաբիան և Քաթարը:
Իսլամը սոսկ գործիք է, իսկ թե ինչ գործիք է և ինչ դեր է խաղում դա արդեն բոլորովին այլ թեմա է:

 

Կարպիս Փաշոյան