Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Մերձավոր Արևելքում հատկապես 2010 թ․ վերջից «Արաբական գարնուն» անվանման ներքո տարածաշրջանում տեղի ունեցած քաղաքական վերափոխումներից հետո, որի որոշ առանձնահատկություններ ևս մեկ անգամ ջրի երես ելան իսրայելապաղեստինյան հերթական զինված առճակատման շրջանակներում և զինադադարի հաստատման նպատակով գործադրվող միջնորդական ջանքերի համախմբման հարցում։

 


Մասնավորապես, այս գործում ավանդաբար կարևոր դերակատարություն ունեցող Եգիպտոսը, որն առաջինն Իսրայելի հետ հաշտության պայմանագիր կնքած արաբական ամենաազդեցիկ երկիրն է, հետևաբար նաև ունի միջպետական հարաբերություններ Հրեական պետության հետ, 2013 թ․ ռազմական հեղաշրջումից և ս․թ․ մայիսի վերջին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո էականորեն կորցրել է ազդեցությունը Գազայի հատվածում գլխավոր դերակատարություն ունեցող և Իսրայելի տարածքի ռմբակոծության հետևում կանգնած «Համաս» ու «Իսլամական ջիհադ» կազմակերպությունների վրա:

 

Ի տարբերություն նախկին, ասենք՝ 2012 թ․ վերջին տեղի ունեցած իսրայելապաղեստինյան զինված դիմակայության, երբ դարձյալ կողմերի միջև որպես գլխավոր միջնորդ հանդես եկան ԱՄՆ-ը և Եգիպտոսը, ներկայում իրավիճակը սկզբունքորեն այլ է: 2012 թ. Արաբական Հանրապետությունը ղեկավարում էր 2011 թ. հեղափոխությունից հետո երկրում իշխանության եկած «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական կազմակերպությունը, իսկ երկրի նախագահն էր կառույցի ներկայացուցիչ Մուհամմադ Մուրսին։ Եգիպտոսն այդ շրջանում, բնականոն հարաբերություններ ուներ ինչպես Հրեական պետության հետ, այնպես էլ՝ զգալի ազդեցություն «Համաս-ի» վրա ու դաշնակցային կապեր՝ վերջինի վրա ներազդելու էական լծակներ ունեցող տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես՝ Կատարի և Թուրքիայի հետ:

 


Մինչդեռ, արդեն ընթացիկ՝ «Անսասան ժայռ» իսրայելական հատուկ գործողությանը վերջ դնելու նպատակով Միացյալ Նահանգներին չի հաջողվում համախմբել հնարավոր միջնորդական ջանքերը։ Մասնավորապես, Աբդ ալ-Ֆաթահ ալ Սիսիի գլխավորած այսօրվա Եգիպտոսը, ունենալով նախկին պաշտոնական հարաբերություններն Իսրայելի հետ, չունի նախկին ազդեցությունը Գազայի հատվածում իշխող «Համաս-ի» վրա, իսկ վերջինի վրա առավել էական ազդեցություն ունեցող Կատարի և Թուրքիայի հետ համագործակցությունից կտրականապես հրաժարվում են եգիպտական իշխանությունները։ Ի դեպ, Թել Ավիվը ևս դեմ է հանդես գալիս Դոհայի և Անկարայի միջնորդությանը, քանի որ հատկապես թուրքական իշխանությունները հատկապես վերջին օրերին կրկին սաստկացրել են Իսրայել պետության ղեկավար շրջանակների դեմ ուղղված քննադատական հռետորաբանությունը:

 


Մինչդեռ, ստեղծված իրավիճակն առավել ձեռնտու է իսրայելական իշխանություններին, որոնք օգտվելով հնարավոր միջնորդության հարցում առկա տարաձայնություններից՝ շարունակում են ռազմական գործողությունն՝ առավել մեծ կորուստներ պատճառելով պաղեստինյան իսլամական կառույցներին: Իսկ պաղեստինցիների համար միակ փրկօղակը մնում են Եգիպտոսը և եգիպտական իշխանությունների հետ համագործակցությունը, քանի որ միայն Կահիրեն է ի զորու՝ նպաստելու իսրայելապաղեստինյան շուտափույթ հաշտեցմանը:

 

Արմեն Պետրոսյան