Մեկ տարով կհետաձգվի 46 գյուղերի կարկուտից տուժած հազարավոր գյուղացիների գումարների վերադարձը Շիրակի մարզի 31 և Լոռու մարզի 15 համայնքներում մայիս-հուլիսի ընթացքում կարկտահարությունից տուժել էին ավելի քան 14 հազար հա մշակաբույսերի ցանքատարածություններ: Այն գյուղացիների համար, որոնք 2013թ. մարզպետարանից ստացել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ 2014թ. բերքահավաքից հետո ստացած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 1:2 հարաբերակցությամբ 80 դրամ (160 դրամ) վերադարձնելու պայմանով, հաշվի առնելով կարկտահարության պատճառած մեծ վնասը, կառավարությունը որոշվել է նշված գումարների վերադարձը հետաձգել մեկ տարով:

 

Բացի դրանից, այս տարի 3900 հողօգտագործողներ ներկայացրել էին ավելի քան 1200 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի պահանջարկ, որի դիմաց վերադարձման ենթակա գումարների հարցը նույնպես քննարկվելու է մեկ տարի հետո` 2015թ. հուլիսին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է եւս մեկ անգամ քննարկել գյուղացիների կողմից գումարները հետ վերադարձնելու հարցը, ասելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես նրանք կարող են վարկ հետ վերադարձնել, եթե բերք չեն ստացել: Նա առաջարկել է ԿԲ նախագահին այս հարցում աջակցել գյուղացիներին` ներգրավելով նաեւ մարզպետներին:

 

 

Կարինե Առաքելյան