Իսրայելապաղեստինյան զինված դիմակայության հերթական շրջափուլը նոր հնարավորություններ է ընձեռում Թուրքիայի գործող վարչապետ և իշխող՝ «Արդարություն և զարգացում կուսակցությունից» նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար. վերամբարձ հայտարարությունների մեծ սիրահար թուրք պետական և քաղաքական գործիչը կրկին արաբամուսուլմանական աշխարհի համակրանքին արժանանանլու և դրա «առաջնորդի» սեփական հավակնություններն ընդգծելու համար օգտագործում է կտրուկ հռետորաբանություն՝ մեղադրելով Իսրայել պետությանը պաղեստինցիների դեմ իրականացվող «պետական ահաբեկչության» մեջ:
Էրդողանը, խորհրդարանում սեփական կուսակիցներին դիմելիս, մասնավորապես հայտարարարել է. «Իսրայելը շարունակում է տարածաշրջանում պետական ահաբեկչություն իրականացնել, և ոչ ոք, բացի մեզնից, չի փորձում նրան կանգնեցնել:
Դեռ որքա՞ն ժամանակ աշխարհը պետք է լռի՝ ականատես լինելով այս պետական ահաբեկչությունը»: Թուրքիայի վարչապետը նաև հավելել է, որ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերություններում որևէ բարելավման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ շարունակվում է հրաձգությունը:
Չնայած վերջին մեկ տարվա ընթացքում թուրք-իսրայելական հարաբերություններում եղած խնդիրների հարթմանը նպատակաուղղված ակնհայտ քայլերին (անգամ ակնկալվում էր, որ մինչև մայիսի 31-ը՝ «Մավի Մարմարայի» հետ կապված միջադեպի 4-րդ տարելիցը, կողմերը կարող են վերջնական համաձայնության հասնել զինված ընդհարման ընթացքում 9 սպանվածների ընտանքիներին տրամադրվելիք ֆինանսական փոխհատուցման ծավալների հարցում և հանդես գալ երկու երկրների հարաբերությունների լիակատար բարելավման մասին հայտարարությամբ), այնուամենայնիվ, պայմանավորված նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող բուռն իրադարձություններով, այս հաշտեցման գործընթացը ևս կաղում էր: Իսկ Թուրքիայում նախընտրական ժամանակահատվածում իսրայելապաղեստինյան հերթական զինված բախման իրողության ի հայտ գալն, ինչ խոսք, այդ երկրի իշխանությունների համար շատ ավելի շահեկան իրավիճակ է ստեղծում՝ օգտագործել հակաիսրայելական կոշտ հռետորաբանության համար ընձեռված հնարավորությունները, քանի դեռ երկու երկրների միջև խնդիրները վերջնականապես չեն հարթվել. իսկ բացի պաշտոնական հարթությունից, թուրք-իսրայելական համագործակցության բնականոն ընթացք առկա է երկկողմանի հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներում:
Արմեն Պետրոսյան