Կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվողներն այելւս հիմքեր չունեն շարունակելու նույն մոտեցումը: Հիմնական պահանջը' պարտադիր կուտակային համակարգի հետաձգումը, օրենսդրության փոփոխությամբ, կատարվել է: Ընդ որում, դեմ արտահայտվողների պահանջած 6 ամսվա փոխարեն, պարտադիր բաղադրիչը մասնավոր հատվածում մինչեւ 40 տարեկան աշխատողների համար հետաձգվել է 3 տարով' մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը:


Դեմ հանդես գալու հիմնական փաստարկը' կուտակային վճարի պատճառով տվյալ պահին մարդու եկամտի նվազումը, նույնպես վերացել է: Մասնավոր հատվածում աշխատողների համար' պարտադիրի 3 տարով հետաձգմամբ եւ համակարգին միանալը կամավոր դառնալով: Պետական համակարգում աշխատողների համար' աշխատավարձերի կտրուկ բարձրացմամբ, որի արդյունքում պարտադիր համակարգին միանալով, նրանց եկամուտը հուլիսին նախորդած ժամանակահատվածի նկատմամբ չի նվազելու:


Եվս մեկ կարեւոր հանգամանք' կուտակային սոցիալական նպաստների վերին շեմի սահմանումը: Այսինքն, 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների սոցիալական վճարը նույնպես չի գերազացնելու 25 հազար դրամը: Պետության համաֆինանսավորումը նույնպես չի գերազանցելու այդ շեմը: Սա նշանակում է, որ օրինակ այդքան սոցվճար է վճարելու ինչպես 500 հազար դրամ, այնպես էլ 1 մլն դրամ եկամուտ ունեցողը: Նախկին օրենքով, 1 մլն դրամ աշխատավարձ ստացողը պետք է վճարեր 5 տոկոս կուտակային վճար' 50 հազար դրամ, իսկ պետությունը դրան համաֆինանսավորում էր 25 հազար դրամից ոչ ավելի: Այսպիսով, նոր համակարգին դեմ արտահայտվելու առարկայական պատճառներ այլեւս չկան:

 

 

Անահիտ Գրիգորյան