Հետաքրքիր մի իրողություն. Իրանից դուրս բնակվող (հատկապես ԱՄՆ-ում) և հասարակական-քաղաքական հարցերում ակտիվություն դրսևորող «իրանցիներից» շատերն իրենց լոբբիստական և այլ հնարավորություններն ի շահ հայրենի երկրի և ժողովրդի ծառայեցնելու փոխարեն, լծվել են Իրան-Արևմուտք բանակցային գործընթացը խոչընդոտելու աշխատանքներին: Գոնե ԻԻՀ միջուկային հիմնախնդրի շուրջ ծավալված գործընթացների այս թեժ օրերին կարելի էր մի կողմ դնել Իրանում իշխող վերնախավի հանդեպ տածած իրենց հակակրանքը և ժամանակավորապես լռել: Առավել ևս, որ ներկայում զարգանում են գործընթացներ, որոնց արդյունքում կարող է լուծվել նրանց իսկ կողմից ամենաշատ քննադատությունների արժանացած Իրանի միջազգային մեկուսացվածության խնդիրը, որի գլխավոր մեղավոր են համարում Իրանի գործող իշխանություններին:
Բանն այն է, որ ԻԻՀ գործող կառավարությունը հայտնվել է քննադատությունների թիրախում առ այն, որ Արևմուտքի հետ բանակցություններին զուգահեռ իրականացնում է հակաարևմտյան քարոզչություն: Նույնիսկ առայսօր քննադատվում է ԻԻՀ նախագահ Հ. Ռուհանիի պահվածքն անցյալ տարի Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակներում, որի ընթացքում նա միայն հեռախոսազրույց է ունեցել և անձամբ չի հանդիպել ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի հետ:
Այն, որ իրանական իշխանություններն Արևմուտքի հետ գնում են բանակցությունների, բայց միաժամանակ չեն մոռանում հայտարարել, որ իրենք վստահություն չունեն իրենց արևմտյան գործընկերների նկատմամբ, կարծում եմ՝ արտառոց երևույթ չէ: Նույն Արևմուտքը բարեփոխական Մ. Խաթամիի նախագահության սկզբնական շրջանում ընտրել էր Իրանի հետ հարաբերվելու «քննադատական երկխոսության» քաղաքականությունը, և դա շատերի կողմից նորմալ էր ընկալվում: Տպավորությունն այնպիսին է, որ հակառակ մտածելակերպի «իրանցիները» պարզապես փորձում են իրենց երկրի իշխանությունների ձեռքում տեսնել «թղթե շերեփ» ու վերջ, որը, սակայն, կարող է տանել ձախողումների ոչ միայն հայրենի իշխանություններին, այլ նաև ողջ իրանական ժողովրդին:
Ռուդիկ Յարալյան