Իսրայելի կողմից պաղեստինյան ճակատում՝ Գազայի հատվածում իրականացվող «Անսասան ժայռ» կամ «Պաշտպանության սահման» կոդային անվանումը ստացած հատուկ գործողությանը զուգահեռ՝ իսրայելական բանակային ստորաբաժանումներն աչքաթող չեն անում նաև մյուս հարևան արաբական պետություններից, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբանանից եկող անգամ աննշան սպառնալիքները և ավելի քան համարժեքորեն փորձում են արձագանքել դրանց:
Այսպես, հուլիսի 14-ին Սիրիայի տարածքից Գոլանի բարձունքների՝ իսրայելական վերահսկողության ներքո գտնվող շրջաններ հասած երկու «Kатюша» հրթիռներին ի պատասխան՝ իսրայելական օդուժը հուլիսի 15-ի վաղ առավոտյան հարվածել է Հրեական պետությանը սահմանակից սիրիական Կունայտրա նահանգում տեղակայված կառավարական բանակի 90-րդ գումարտակի զորանոցներին, շտաբկայանին, նահանգապետի նստավայրին և այլ թիրախների. ըստ սիրիական ընդդիմադիր աղբյուրների տվյալների՝ սիրիական կողմի մարդկային կորուստները կազմել են 12 զոհ և մի քամի վիրավորներ:
Նման գործողություններով իսրայելական բանակը նաև նպատակ է հետապնդում ապացուցելու, որ հավասարաչափ զգոն և աչալուրջ է երկրի ամբողջական պաշտպանության հարցում՝ ձգտելով հնարավորինս կանխել Սիրիայի, նաև Լիբանանի տարածքից վերջին շրջանում առավել հաճախակի դարձած հնարավոր սահմանային հրթիռակոծությունները:
Արմեն Պետրոսյան