Կինոռեժիսոր Արմեն Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր "Գողացված մանկություն" ֆիլմը, որ պատմում է գյումրեցի չքավոր երեխաների մասին, ընդգրկվել է քրիստոնեական ֆիլմերի ու հեռուստահաղորդումների MAGNIFICAT'2014 փառատոնի մրցութային ծրագրում:
Հայաստանյան հասարակությունը կինոռեժիսոր Արմեն Գասպարյանին ճանաչում է հայտնի "Հայկական հաց" ֆիլմից, որը բավականին լուրջ միջազգային վավերագրական կինոփառատոններում լուրջ արդյունքների է հասել ու գնահատվել Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա կողմից:
Գյումրեցի կինոռեժիսորն այս անգամ անդրադարձել է իր հայրենի քաղաքին' Գյումրիին ու գյումրեցուն, ավելի կոնկրետ' սոցիալական կատաստրոֆիկ պայմաններում ապրող փոքրիկ գյումրեցուն, ով դեռ մանկության օրերից ստիպված է հասկանալու կյանքն իր ամբողջ դառնությամբ: Ահա թե ինչպես է ներկայացնում Արմենը ֆիլմի ստեղծման պատմությունը. << Ֆիլմը վաղուց էինք նախատեսել նկարահանել, սակայն տարբեր խոչընդոտների պատճառով այն հետաձգվել է: Մերժում ենք ստացել ՀՀ Մշակույթի նախարարությունից և մյուս կառույցներից, որոնք զբաղվում են կինոյով: Իսկ մերժման պատճառները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց հիմնականը ոնց ես հասկացա…Գյումրու վիճակը այնպիսին է, որ եթե Երևանում ասում ես Գյումրու մասին ֆիլմ, իրենք անկախ իրենցից պատկերացնում են, որ դա հակապետական ֆիլմ է: Դա շատ հետաքրքիր մոտեցում է Երևանի կողմից, իրենք չգիտեն ինչ բան է դա, ինչքան որ ես եմ հասկացել: Երևանից- Գյումրի 120 կիլոմետր անդունդ է, իրենք ընդհանրապես գաղափար չունեն՝ ինչ է տեղի ունենում այս քաղաքում: Ինչպես որ ես եմ հասկանում, այս քաղաքի պրոբլեմը այս քաղաքի ուսերի վրա է, այն ոչ սփյուռքահայերին է պետք, ոչ Երևանին է պետք: էդ պատճառով շատ մեծ խնդիրներ բացվեցին ֆիլմի ֆինանսավորման հետ. 4 տեղից մենք մերժում ենք ստացել, երբ մոտավորապես ծանոթացրել ենք ֆիլմի բովանդակային մասին: Ֆիլմում պետք է լինի քաղաքի իրական կյանքը' առանց ասֆալտ փռելու, առանց ազգի հերոսներ սարքելու, կլինի դա դաժան իրականություն կամ դառը իրականություն, դա վավերագրական կինոյի օրենքն է>>: Իսկ այսօր, ֆիլմը ներկայացվելու է միջազգային կինոփառատոնի ու ամբողջ աշխարհին է պատմելու Գյումրիի ու գյումրեցու մասին:
Նարեկ Գաբրիելյան