Եթե նույնիսկ Իրանը և «5+1» երկրները ս.թ. հուլիսի 20-ին ԻԻՀ միջուկային հիմնախնդրի շուրջ համաձայնագիր ստորագրեն (որն առկա երկկողմ տարաձայնությունների և արդի տարածաշրջանային զարգացումների պայմաններում քիչ հավանական է թվում), ապա դա կարող է լինել մի փաստաթուղթ, որն, ընդամենը, կպարունակի բանակցությունների շարունակականությունը երաշխավորող ձևակերպումներ:

Երեկ ԻԻՀ արտգործնախարար Մ. Ջ. Զարիֆը հանդիպումներ է ունեցել «5+1» երկրների մեջ մտնող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների, իսկ այնուհետև՝ ամերիկյան պատվիրակության հետ: Մինչ այդ, իրանական ԶԼՄ-ները շտապել էին այդ օրը որակել «Մեծ կիրակի», որը, ինչպես կանխատեսվել էր, պետք է շրջադարձային լիներ առանցքային խնդիրների շուրջ փոխհամաձայնության գալու տեսանկյունից՝ հուլիսի 20-ին ընդառաջ: Այդուհանդերձ, սպասելիքները չեն արդարացվել, և առնվազն հինգ հիմնախնդիր կողմերի համար մնացել է անլուծելի:

 

 

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը կիրակի օրն՝ իրանական պատվիրակության հետ հանդիպումից անմիջապես հետո, հայտարարել է, որ «անիրատեսական է կարծել, թե Իրանի նկատմամբ գործող բոլոր պատժամիջոցները կարող են հանվել միջուկային հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների արդյունքում: Այդ պատժամիջոցներն ուղղակիորեն առնչվում են ահաբեկչության և մարդու իրավունքների ոլորտներին, դուրս են միջուկային հիմնահարցի քննարկման շրջանակներից»:

 

 

Փաստորեն ստացվում է, որ եթե Իրանի և Արևմուտքի միջև որևէ կերպ փոխհամաձայնություն ձեռք բերվի միջուկային հիմնահարցի շուրջ, դա դեռ չի նշանակելու երկկողմ հարաբերությունների կարգավորում: Դե ինչ, «հաղորդագրությունն» արդեն ուղարկվել է Իրան, և պաշտոնական Թեհրանը միջուկային հիմնախնդիրը դեռ չլուծած պարտավորվում է խորհել Արևմուտքի նոր մարտահրավերների մասին:

 

 

Անշուշտ, այդ «հաղորդագրությունը» կարելի է նաև որակել որպես ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ձև՝ միջուկային բանակցությունների ընթացքում նրանից զիջումներ կորզելու ակնկալիքով, սակայն դա չի նշանակում, որ հուլիսի 20-ից հետո Իրանում մարդու իրավունքների և ազատությունների ոլորտն այլևս դուրս է գալու Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության օրակարգից:

 

Ռուդիկ Յարալյան