Ժամեր անց հայտնի կդառնա ֆուտբոլի աշխարհի նոր չեմպիոնի անունը:
Ռիո-դե-Ժանեյրոյի ՙՙՄարականա՚՚ պատմական ստադիոնում հանդիպելու են Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականները:

 


Այս հավաքականներն աշխարհի առաջնության եզրափակիչներում հանդիպում են երրորդ անգամ ու հաղթանակի առումով ունեն հավասար ցուցանիշներ:
Սակայն չեմ ուզում վիաճակագրությամբ ծանրաբեռնել այս գրառումս, որովհետև խոսքը եզրափակչի մասին է, որտեղ այնքան էլ կարևոր չէ, որ գերմանացիները դրան հասել են փայլուն հաղթանակներով, արգենտինացիները՝ դժվարությամբ:

 


Գերմանիայի հավաքականը կարող է ֆավորիտ համարվել՝ բրազիլացիներին նվաստացնելուց հետո, մյուս կողմից՝ այսօր խաղադաշտում ամենամոտիվացված ֆոիտբոլիստը լինելու է Լիոնել Մեսսին, որը նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները՝ բացառությամբ աշխարհի չեմպիոնի: Մեսսիին մի քայլ է մնում՝ իր լեգենդար հայրենակից Մարադոնայի բարձունքին հասնելու համար:

 


Մյուս կողմից՝ Գերմանիայի հավաքականն ուժեղ է ու ունի թիմային մոտիվացիա. չեմպիոնության դեպքում՝ Գերմանիայի ընտրանին կլինի եվրոպական առաջին թիմը, որ աշխարհի գավաթ է նվաճում Լատինական Ամներիկայում:
Մեծ իմաստով՝ սա հենց եվորպական ու լատինամերիկյան ֆուտբոլների, երկու փիլիսոփայությունների բախում է: Գերմանացիներն ապացուցել են, որ ունեն համակարգ, արգենտինացիները հպարտ են, որ աշխարհին տվել են լավագույն ֆուտբոլիստին:

 


Ո՞վ կկերտի այսօրվա հաղթանակը. գերմանական համակարգը, թե՞ աննման Մեսսին:
Հարցի պատասխանը կստանանք ժամեր անց:
Բրազիլացի երկրպագուները սատարում են գերմանացիներին, որովհետև նրանց համար շոկ կլինի, եթե իրենց ՙՙոխերիմ՚՚ մրցակիցը չեմպիոն դառնա ազգային կուլտի նշանակություն ունեցող ՙՙՄարականայում՚՚:
Ես էլ երկրպագում եմ Գերմանիայի հավաքականին, բայց ուզում եմ, որ այսօր դիտարժան ֆուտբոլ կայանա, եւ ուժեղագույն հավաքականը հայտնի դառնա ոչ թե մարզական վիճակախաղի, բախտի գործոնի, այլ՝ խաղային մրցակցության շնորհիվ:

 

 

Սուրեն Սուրենյանց