Վաղը հողին է հանձնվելու Էդուարդ Շևարդնաձեի աճյունը:
Նրա կյանքի 86 տարիները նման են տարբեր, հաճախ հակասական կենսագրությունների հանրագումարի:
Սակայն արտաքին այդ հակասություններն ի դերև են լինում մարդու պարագայում, ով հասցրեց իր կոմերիտական գործուեությունը սկսել Ստալինի ժամանակներում, հետո դարձավ ԽՍՀՄ-ը ՙՙքանդող՚՚ ՙՙպերեստրոյշիկների՚՚ արտգործնախարարը:

 


1985-90թթ-ին Էդոարդ Ամբրոսովիչը Խորհրդային միության արտաքին գործերի նախարարն էր ու հենց այդ փուլում նվաճեց միջազգային այն հեղինակությունը, որը նրան դուրս բերեց Կովկասի, հետսովետական տարածությունից՝ դարձնելով համաշխարհային դիվանագիտության առանցքային դերակատար:
Բայց սեփական հայրենիքում նա չվաստակեց այս սերն ու հարգանքն ու, ի վերջո, իշխանությունը թողեց անփառունակ ձևով՝ ընկրկելով ՙՙվարդերի հեղափոխության՚՚ ՙՙփշերի՚՚ առջև՚:

 


Նա նպաստեց ՙՙերկաթյա վարագույրի՚՚ ու Բեռլինի պատի վերացմանը, բայց չկարողացավ, լոկալ հարթության մեջ, քանդել այն ՙՙպատը՚՚, որն առկա է վրացիների, օսերի ու աբխազների հարաբերություններում:
Ես կփորձեմ՝ պատմաբանի իմ հայացքով, ցույց տալ այն իրադարձությունները, որոնք բեկումնային են ելել բատոնո Էդուարդի կենսագրությունում:

 


ՙՙՉարիքի կայսրությունում՚՚ ընդունված չէր լուսաբանել հակասովետական որևէ դրսևորում, ելույթ, ցույց:
Քչերին է հայտնի, որ 1956թ-ի մարտի 9-ին հարևան երկրի քաղաքամայր Թբիլիսիում բորբոքվել էր հակասովետական, հակակառավարական խռովություն: Չորս-հինգ օր անց այն ճնշվեց, բայց այդ ալիքը վրացական կոմունիստական-կոմերիտական նոմենկլատուրա բերեց մարդկանց, ովքեր, իրենց մտածողությամբ ու արժեհամակարգով, տարբեր էին կոմունիստական դոգմաներից:

 


Այդ ՙՙծաղկաբույլում՚՚ իր տեղն ուներ Շևարնդաձեն, ով շուտով ղեկավարեց վրացական կոմսոմոլը:
Այդ գործիչների աշխարհայացքի ձևավորման վրա ազդել էր մի քանի կարևոր գործոնների, պատմական իրողությունների հանրագումար, հիբրիդ. նրանք ստալինականությունից ժառանգել էին կառավարման ՙՙուժեղ ձեռքի՚՚ ավանդույթը, ապրում էին խրուշչովյան ՙՙձնհալով՚՚, սնվում էին սեփական հասարակությունների թեկուզ քողարկված ազգային գաղափարներով:

 


Շևարդնաձեն Վրաստանի կոմունիստական առաջնորդ դարձավ 1972թ-ին: Հենց 70-ականների վերջն ու 80-ականների սկիզբը դարձավ այն պատմաշրջանը, որ խորհրդային հանրապետություններում ստեղծվում էին ապագա ազգային հանրապետությունների նախատիպերը:
Դա, պայմանականորեն ասած, ՙՙնացիոնալ-կոմունիստական առաջնորդների՚՚ շրջան էր, որի կարկառուն ներկայացուցիչներ են Շևարդնաձեն, Ալիև-ավագը, Դեմիրճյանը...
Այդ ժամանակ տեղի էր ունեցել պարտնոմենկլատուրայի, չափավոր նացիոնալիստների ու ցեխավիկների չհայտարարված դաշինք:

 


Պատահական չէ, որ հենց 1978-ին Վրաստանում ծավալվեց մի նոր կենտրոնախույս շարժում՝ վրացական լեզվի պետական կարգավիճակի պահպանման կարգախոսով, որի նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեին թե Շևարդնաձեն, թե Վրաստանի կոմունիստական իշխանության այլ ներկայացուցիչներ:
Շևարդնաձեն, իհարկե, կոմունիստ էր, բայց համայնավարության համակարգային ճգնաժամի հետևանքով առաջացած վակուումը նա լրացրեց ազգային շեշտադրումներով, գաղափարներով:
Պատահական չէ, որ ԽՍՀՄ նախկին արտգործնախարարն ատլանտիստ էր դարձել Վրաստանի նախագահի պաշտոնում:

 


Ժամանակակիցների աչքին հակասական են նույնիսկ պատմական դեմքերը. վաղը Թբլիսիում ոմանք կարտասվեն Շևարդնաձեի համար, մյուները նրան կհայհոյեն: Բայց տարիներ անց պատմությունը կարձանագրի, որ 2014թ-ի հուլիսի 13-ին հողին հանձնվեց ամենհայտնի վրացիներից մեկը, ով հմտորեն քայլել է համաշխարհային պատմության լաբիրինթոսում....

 

 

Սուրեն Սուրենյանց