Iraq Oil Report գործակալության հաղորդմամբ՝ Իրաքում և Սիրիայում ընդարձակ տարածքներ վերահսկող «Իսլամական պետություն» (ԻՊ, նախկինում՝ ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը հանդիսացող Մոսուլը գրավելուց հետո օրական վաստակում է առնվազն 1 մլն դոլար՝ վաճառելով հում նավթը Իրաքի քրդական ինքնավարության տարածքում:

 


Այստեղից, ինչպես նաև ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող սիրիական նավթահանքերից նավթն, ամենայն հավանականությամբ, առաքվում է Թուրքիա: Այս մասին կարելի է ենթադրել նաև՝ հիմք ընդունելով թուրքական Հաթայ նահանգից խորհրդարանի պատգամավոր ընտրված Ալի Իդիբողլուի՝ օրերս հնչեցրած հայտարարությունն առ այն, որ թուրքերը ԻՊ-ից գնել են 800 մլն դոլարի նավթ, որն իսլամականները արդյունահանում են գրավյալ նավթահանքերից, խողովակաշարերով հասցնում են դեպի Թուրքիա և այնտեղ վաճառում նվազագույն արժեքով:

 


Այսօրինակ տեղեկատվությունը ևս գալիս է հավաստելու Էրբիլի և ԻՊ-ի միջև առկա համագործակցության իրողությունը նաև տնտեսական ոլորրտում. իսկ ռազմաքաղաքական բնագավառում երկու կառույցների միջև եղած հնարավոր փոխառնչությունների մասին պարբերաբար հաղորդում են «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) լրատվամիջոցներն, ինչպես նաև մեղադրական բնույթի հայտարարություններով են հանդես գալիս Իրաքի Հանրապետության ղեկավար շրջանակները:

 

Արմեն Պետրոսյան