
19-20-րդ դարերի փիլիսոփաների և վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը համոզված էր, որ կրոնները այլևս տեղ չունեն հասարակական-քաղաքական կյանքում և աստիճանաբար դուրս են մղվում համաշխարհային պատմության ակտիվ թատերաբեմից: Ինչպես տեսանք նրանց կանխատեսումները ոչ միայն չիրականացան, այլ ընդհակառակը, ներկայումս բոլորովին այլ պատկեր ունենք: Վերածնված և վերաարժևորված ավանդական կրոնների կողքին, արդեն տեսնում ենք նոր կրանական համակարգերի ի հայտ գալը:
Նման բարդ իրավիճակում բնականաբար հրամայական է դառնում առաջադրել նոր մոտեցումներ, որը մեր համոզմամբ հնարավոր է պետության կողմից հասարակական կյանքում կրոնական ներդաշնակություն կամ խաղաղ համակեցություն ստեղծելու դեպքում: Հատկապես խոսքը կոնֆեսիոնալ բազմազան հասարակությունների մասին է:
Վերցնենք մինչ քաղաքացիական պատերազմը Լիբանանի օրինակը, որի մոդելը բնականաբար չենք առաջարկում այլ երկրների համար: Պարզապես այն իդեալական է և ինչ որ տեղ զարմանալի:
Դարերի ընթացքում Լիբանանի էթնո-կրոնական բազմազանությունը վճռորոշ նշանակություն ունեցավ 20-րդ դարի նրա քաղաքական կյանքում. Նրանց միջև կնքված համաձայնագրից ելնելով երկրի նախագահ կարող էր լինել միայն քրիստոնյա-մարոնիտ, վարչապետ' մուսուլման-սուննի, պառլամենտի խոսնակ' շիա-մուսուլման, պառլամենտի փոխխոսնակ' ուղղափառ-քրիստոնյա: Նախարարական պորտֆելները, պառլամենտական մանդատները նույնպես բաժանված են հետևյալ հաջորդականությամբ: Ամեն կրոնական համայնք ունի իր դատարանները, դպրոցները, հիվանդանոցները և նույնիսկ որոշ դեպքերում բարձրագույն կրթական հաստատություններ:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մենք չունենք նման կոնֆեսիոնալ բազմազանություն և պետական լուրջ միջամտության և համապատասխան մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է ընդհանուր հայտարարի գալ և ստեղծել ներդաշնակություն' ամեն առիթի դեպքում «աղանդ» գոռալու, թշնամանք սերմանելու և առանց այն էլ ներքին արյունահոսությամբ տառապող Հայաստանում նորանոր ճաքեր ստեղծելու փոխարեն:
Կարպիս Փաշոյան