Վարդանը և Տիգրանը սովորում էին համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, Տիգրանին հիացնում էին Վարդանի ռազմական գիտելիքներն ու փորձը։ Շատերի պես Տիգրանը նկատել և մեծ ուշադրություն էր դարձնում ոչ միայն արդեն ծավալված ղարաբաղյան իրադարձություններին, այլև կանխատեսումներ էր անում, թե ինչ իրադարձություններ են սպասվում։ Տիգրանը վերլուծում էր անցած ժամանակների քաղաքական շարժումներն ու պատմական դեպքերը, համադրում Վարդանի մտքերի հետ։ Արդյունքը տխրություն ու ցավ էին պատճառում երկուսին էլ։ Սպասվում էր անմեղ ժողովրդի կոտորած ու տեղահանություն։


Երկուսն էլ մտածում էին նույն կերպ։ Վճիռը մեկն էր՝ անհրաժեշտ է անցնել զինված պայքարի։ Դա է ապացուցում անցյալը, դա է հուշում ապագան…


Մեկն ուներ առողջ դատողություն, ղեկավարելու կարողություն, մյուսը՝ ռազմական փորձ և անգնահատելի գիտելիքներ, իսկ միասին՝ անսահման սեր ժողովրդի հանդեպ և պատերազմը հաղթական, արդարացի ավարտելու վճռական կամք։ Եվ երկուսի հայացքն էլ ուղղվում էր դեպի հայոց Մասիսը…


Տիգրանի հուղարկավորման ժամանակ Վարդանն ասել է. «Տեսնես իմ տեղը որտե՞ղ է լինելու»։
Եռաբլուրում, կողք-կողքի, երկուսի հայացքն էլ ուղղված՝ դեպի հայոց Մասիսը։ Ննջում են քաջ տղաները, հավերժ հանգստանում ահեղ կռիվներից հետո…

 

Հուշեր, հիշողություններ… որ մեզ շատ բան են պարտավորեցնում։

 

Տղաներն ընկան, բայց հայրենի հողն ազատագրեցին գերությունից։

 

 

Նատալի Մինասյան