Այս տարի Անգլիայում տոնում են մեծանուն բանաստեղծ և թատերագիր Ուիլյամ Շեքսպիրի 450 ամյակը: Հայերս էլ պակաս շեքսպիրասեր չենք: Մեր թատրոնների խաղացանկում մշտապես առկա են Շեքսպիրի երկերը: Հ. Թումանյանի բնորոշմամբ' «Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի՝ տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի՝ տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի՝ տկար է»:

 

Մեզ համար հոգեհարազատ են հատկապես նրա «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ», «Ռոմեո և Ջուլիետ», «Հուլիոս Կեսար» թատերգությունները, սոնետները...Հայ իրականության մեջ Շեքսպիրի ստեղծագործությանն առաջինն անդրադարձել է Հովսեփ Էմինը՝ 1792 թ-ին գրած իր հուշերում: 1866 թ-ից սկսած դրամատուրգի գործերը բազմիցս հատվածաբար թարգմանել և խաղացել են թե՜ արևմտահայ, թե՜ արևելահայ բեմերում: Շեքսպիրի գործերից ամբողջությամբ առաջինը թարգմանել է Կարապետ Տետեյանը («Կատակերգություն սխալանաց», «Վենետիկի վաճառականը», «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»):

 

Անգերազանցելի են մանկավարժ, դիվանագետ, հրապարակախոս Հովհաննես Մասեհյանի (1864–1931 թթ.) թարգմանությունները՝ իր իսկ ընդարձակ ու արժեքավոր առաջաբաններով, ծանոթագրություններով: Հայտնի թարգմանիչներից են նաև Վահրամ Թերզիբաշյանը, Խաչիկ Դաշտենցը, Հենրիկ Սևանը, Ստեփան Ալաջաջյանը:
Շեքսպիրյան հերոսների փայլուն կերպարներ են ստեղծել դերասաններ Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մկրտիչ Ջանանը, Ցոլակ Ամերիկյանը, Դավիթ Մալյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Լևոն Թուխիկյանը և ուրիշներ:

 

1944 թ-ից Երևանում պարբերաբար տեղի են ունենում շեքսպիրյան ներկայացումների միջազգային փառատոներ և գիտաժողովներ: Շեքսպիրի գործերը ոգեշնչել են հայ կերպարվեստի գործիչներին, նրա պիեսների բեմադրությունների համար երաժշտություն են գրել կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը, Ավետ Տերտերյանը և ուրիշներ:

 


1966–85 թթ-ին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան հրատարակել է «Շեքսպիրական» (Հայկական շեքսպիրական տարեգիրք) մատենաշարը (7 գիրք): 1966–99 թթ-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում գործել է Շեքսպիրագիտության կենտրոնը (1994 թ-ից՝ գիտահետազոտական խումբ), որն զբաղվել է Շեքսպիրի երկերի թարգմանությամբ, հայ թատրոնում շեքսպիրյան բեմադրությունների պատմության և այլ հարցերով: Ստեղծվել է նաև շեքսպիրագիտական կաբինետ-գրադարան (1994 թ-ի մայիսից՝ Ռուբեն Զարյանի անվան շեքսպիրագիտական գրադարան):

 


Այսօր էլ մեր մշակութային կյանքի անբաժանելի երանգներից է շեքսպիրյանը...

 


Այսօր էլ մեր մշակութային կյանքի անբաժանելի երանգներից է շեքսպիրյանը...
Some glory in their birth, some in their skill,
Some in their wealth, some in their body's force,
Some in their garments, though new-fangled ill;
Some in their hawks and hounds, some in their horse;
And every humour hath his adjunct pleasure,
Wherein it finds a joy above the rest:
But these particulars are not my measure;
All these I better in one general best.
Thy love is better than high birth to me,
Richer than wealth, prouder than garments' cost,
Of more delight than hawks or horses be;
And having thee, of all men's pride I boast:
Wretched in this alone, that thou may'st take
All this away, and me most wretched make.

 

 

Մարինա Գևորգյան