Տարիներ շարունակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող հայ դիմորդների համար անվճար տեղեր է տրամադրում հայագիտական ֆակուլտետներում սովորելու համար: Սահմանված տեղերի կեսից ավելին բաժին է հասնում ջավախքահայ ուսանողներին, ովքեր բացառապես սովորում են Երևանի բուհերում:
Այս տարի կրթության նախարարության որոշմամբ սփյուռքահայ ուսանողների համար նախատեսված 70 անվճար տեղերը տրամադրվելու են Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններին: Այլ կերպ ասած, անվճար սովորող ուսանողները պետք է սովորեն Գյումրիում: Անվճար տեղերը հատկացվում են մասնավորապես ջավախքցի այն ուսանողներին, ովքեր իբր ուսումն ավարտելուց հետո պետք է վերադառնան Ջավախք, դասավանդեն հայկական դպրոցներում, այսպիսով Հայաստանում ստացած գիտելիքները օգտագործեն հայ երեխաներին հայեցի կրթությամբ ապահովելու համար :
Փորձը ցույց է տալիս, որ նրանց մեծ մասը հետ չի վերադառնում, գերադասելով ապրել Երևանում, որտեղ պայմաններն անհամեմատ ավելի լավ են: Կարծում եմ' վերոնշյալ նպատակով սովորողի համար էական չէ, թե Հայաստանի որ քաղաքում է կրթություն ստանալու, մանավանդ, որ Գյումրին ավելի մոտ է Ջավախքին և առավել հոգեհարազատ: Թերևս մի քանի տարի հետո մենք կունենանք վիճակագրական տեղեկություններ սույն որոշման լավ և վատ կողմերի վերաբերյալ, այնուամենայնիվ, այս նախաձեռնությունն ինձ համար ողջունելի է:
Արտյուշ Գրիգորյան