Թանկագին Աննիկ ջան, երեկ ստացա նամակդ: Հիմա պատասխանում եմ - առհասարակ քեզ համար նամակ գրելը ինձ համար մի շատ քաղցր զբաղմունք է. ինձ թվում է, թե դու մոտս ես, անուշ աչքերով նայում ես ինձ և խոսում ենք իրար հետ. ախ, Աննիկ ջան, զգում եմ, որ քեզ շատ եմ սիրում, մի հարցրու, թե ինչու, մի թունավորիր այդ հարցով իմ սիրտը.

 

դու կարո՞ղ ես պատասխանել, թե ինչու մարդու հոգու վրա այնպես լավ ու մխիթարիչ ու արբող է ազդում կապույտ, ջինջ և պայծառ երկինքը առավոտյան, երբ զարթնում ես. դու կարո՞ղ ես բացատրել, թե ինչու է մարդ սիրում մուզիկան, անտառների ղողանջող լռությունը, լեռների բարձր, խոհուն գագաթները, առուների գոչգոչյունը, մարալների վազքը, արտուտի վիհը, դեպի արև ճախրելը. դու չես կարող դրանք բացատրել, և ես էլ չեմ կարող, ես սիրում եմ քեզ, դու իմ պայծառ առավոտս, դու իմ երգս ու լռությունս, դու իմ մուրազը և արտուտս. ես քո կյանքիդ մատաղ, ես քո հոգուդ մատաղ.- ասա, ինչու՞ ես տխուր, ես քո դարդիդ մատաղ, ինչու՞ ես մենակ, մի՞թե իմ հոգին քեզ հետ չի շրջում այդ գեղեցիկ ծաղկավառ անտառներում, գլգլուն առուների մոտ, մի՞թե երազներիդ իմ շուրջը չես ճախրում, իմ հոգի, իմ լավ, իմ ազիզ Աննիկ ջան.- պայծառ եղիր, ուրախ ու կյանքով լի:

 


Թռվռա, ճախրիր, վազիր, ծաղիկ քաղիր, երգիր ու սիրիր, դու իմ կյանք, դու իմ գարուն, դու իմ սեր ու ծաղիկ Աննիկ ջան…
Քո Ավետիք
1905 թ.»: