Աշխարհը շատ արագ փոխվում է, մեր մտածողությունը նույնն է մնում, հնանում են այն գործիքները, որոնցով դռ երեկ արդյունավետ ձևով դիմակայում էինք մարտահրավերներին:

 


Ամիսներ առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ իսլամիստական մի խմբավորում՝ բանկ թալանելու շնորհիվ, կարող է դուրս գալ ՙՙԱլ-Ղաիդայի՚՚ ստվերից, հռչակել խալիֆայություն՝ դառնալով անվտանգության կարևոր սպառնալիք:
Այսօր արդեն պատկերացնում ենք, բայց ծայրահեղական իսլամիստների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ դեռ գտնված չեն, որովհետև կազմակերպված բանակները դժվարանում են կռվել ցանցային կառույցի դեմ:
Մի քանի ամիս հետո՝ աշխարհի քարտեզին կհայտնվի նոր պետություն՝ Քուրդիստանը:

 


Երեկ դա անհնար էր թվում, որովհետև նույն Թուրքիան կատեգորիկ դեմ էր դրան, իսկ այսօր արդեն հանգիստ է վերաբերում այդ հեռանկարին՝ դրանով փորձելով լուծել քրդական հարցը:
Բայց աշխարհը վախենում է Իրաքի ամբողջական մասնատումից, որովհետև չգիտի՝ ինչպես համակեցվի պոտենցիալ երկու ծայրահեղական ռեժիմների հետ:

 


Ամիսներ առաջ՝ Ուկրաինան համեմատվում էր Ֆրանսիայի հետ՝ իր երազկոտ եվրոպական հեռանկարով:
Այսօր քաղաքակիրթ աշխարհը քննադատում է այն, ինչ Ռուսաստանն անում է Ուկրաինայի արևելքում, բայց, անկեղծ ասած, այլընտրանք էլ չի կարողանում առաջարկել, որովհետև նախկին խորհրդային երկրում բախվել է ոչ թե քաղաքական ստանդարտ ճգնաժամի, այլ՝ պետության ինստւտուցիոնալ չկայացվածության փաստին:
Աշխարհն արագ փոխվում է, մենք չենք հասցնում այդ փոփոխությանը....

 

 

Սուրեն Սուրենյանց