Հուլիսի 10-ին Շիրակի մարզի Ազատան գյուղում տեղի ունեցավ Ազատան համայնքի պատվավոր քաղաքացի,հազարապետ,գնդապետ,ազատամարտիկ,«Հույս հայության իրավապաշտպան» Հկ նախագահ Ջուլիետա Գյունաշյանի և նույն գյուղի ազատամարտիկների թանգարանի բացումը:Թանգարանի բացմանը ներկա էին Շիրակի մարզպետը ,Գյումրու քաղաքապետը ,ազատամարտիկներ և այլ հյուրեր:Բացման սկիզբը սկսվեց հայրենասիրական երգերով:Երաժշտության մեղեդիների ներքո հանդես եկան հայկական տարազով ,երգ ու պարով նույն գյուղի պատանիներն ու աղջիկները:

 

Ելույթ ունեցան Շիրակի մարզպետը,Ազատան գյուղի գյուղապետը,որոնք իրենց խոսքում ողջունեցին և շնորհավորեցին ազատամարտիկներին:Ելույթի խոսքով հանդես եկա ես ՝Արկադի Ալեքյանս,ներկայացնելով հետևյալը. «-Մեծարգո՛ ազատամարտիկներ,հարգելի՛ հյուրեր,ազատանցիներ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ Ազատան գյուղի ազատամարտիկներին նվիրված թանգարանի բացմանը: Բորորս էլ քաջատեղյակ ենք ,որ բազմաչարչար հայ ժողովրդի պատմությունը վերստին ալեկոծվեց Արցախյան պատերազմի տարիներին,1991- 1994թթ.-ին:Այդ ժամանակ արցախյան հողը դառնագին կարոտախտով մայր Հայաստանին միանալու ուղիներ էր որոնում:Բզկտված,կտոր –կտոր եղած երբեմնի հզոր Հայաստնաը շատ տարածքներ էր կորցրել դարերի ընթացքում:

 

Եվ վերջապես հասել էր պայքարի ժամը .անիրավորեն Հայաստանից տարանջատված Ղարաբաղը պիտի հետ վերցվեր արյան գնով: Չէ որ այնտեղ ապրում էին մեր քույրերն ու եղբայրները ,մեր ազգի մի փոքր մասը: Մենք՝բոլորս,քաջ գիտակցում ենք ,որ հողը երբեք հեշտությամբ չեն նվաճում,ուստի հեշտ չէր լինի թուրք բարբարոսի ձեռքից խլել հողը,թեկուզև՝ ոչ իրենցը: Ոտքի ելավ ողջ հայությունը:Մեր քաջարի քույրերն ու եղբայրները սրբազան պատերազմ մղեցին թշնամու դեմ:Սասնա ծռերի հաջորդները՝մեր արցախյան ազատամարտիկները, հայրենասերի անմնացորդ նվիրումով պայքարեցին մեր հայրերի,մեր սուրբ հայրենքի հողի համար:Նրանք արյունարբու կռվեցին ՝տենչալով Հայաստան աշխարհի բարեկեցիկ ապագայի համար:Շատերն ընկան թեժ գոյամարտում:

 

Շատ երեխաներ մնացին անհայր,մայրերը՝որդեկորույս,կանայք՝ այրիացած:Բայց բոլորն էլ ունեն հպարտանալու առիթ.այսօր մենք խաղաղ ու հանգիստ ապրում ենք թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում ազատամարտիկների քաջաբարո կռվի և կատարած սխրանքների շնորհիվ:Այսօրվա երիտասարդներս ,ովքեր հասարակության մղիչ ուժն ենք հանդիսանում,պարտավոր ենք հայրենիք կերտելիս մեծարել ու հարգել ազատամարտիկներին ու հիշել նրանց ունեցած ավանդի մասին և մշտնջենական վառ պահել նահատակված ազատամարտիկների անունները:

 

Շնորհավորում եմ Ազատանի ազատամարտիկներին,մասնավորապես Շիրակի մարզի Ազատան համայնքի պատվավոր քաղաքացի ,հազարապետ,գնդապետ, «Հույս հայության իրավապաշտպան» Հկ նախագահ Ջուլիետա Գյունաշյանին թանգարանի բացման առթիվ :Այս նորաբաց հուշահամալիր թանգարանում Ջուլիետա Գյունաշյանի և մյուս ազատամարտիկների անունները,իրենց մեդալներն ու պատվոգրերը պարծանք կդառնան այսօրվա ու վաղվա հետևորդներին: Հավերժ փա՜ռք ու պատիվ ձեզ ,հայոց ազատամարտիկներ, փա՜ռք բանակին,փա՜ռք մեր ընկած քաջերին : Համբուրում եմ ձեր ձեռքը,քա՛ջ կանայք, և խոնարհվում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին»:

 

Ազատամարտիկների վետերանների միության ՀԿ նախագահ Անդրանիկ Առաքելյանը միջոցառման առթիվ պատվոգրեր շնորհեց Շիրակի մարզպետին,Գյումրու քաղաքապետին և Ազատան գյուղի գյուղապետին:Մարդկանց ծափողջույների ներքո բացվեց թանգարանը ,որտեղ ներկայացվում էր ազատամարտիկների և ՀՀ –ում միակ կին հազարապետի Ջուլիետա Գյունաշյանի պատվոգրերն ու շքանշաները: Միջոցառման ավարտին իր շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ հազարապետ,գնդապետ Ջուլիետա Գյունաշյանը:

 

 

Արկադի Ալեքյան