Ասում են՝ իրանական օդուժը ռմբակոծել է «Իսլամական պետություն» (ԻՊ, նախկինում՝ ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության դիրքերն Իրաքի տարածքում՝ մասնավորապես իրաք-սիրիական սահմանի երկայնքով: Հարձակումներն իրականացվել են վերջին մի քանի օրերի ընթացքում անընդհատ իրանական կործանիչների միջոցով, որոնք վարել են հենց իրանցի օդաչուներ:

 

Իրանական օդանավերը գործել են իրան-իրաքյան սահմանից, որոշ դեպքերում՝ նաև Սիրիայի տարածքից: Հարձակման թիրախ են հանդիսացել ԻՊ-ի կողմից գրավված իրաքյան օդուժի ռազմաբազաներն, այնտեղ տեղակայաված թռչող ապարատները. ընդ որում, ըստ որոշ աղբյուրների, Ռուսաստանի կողմից Իրաք ուղարկված Су-25 կործանիչները դեռևս չեն մասնակցում երկրի տարածքում ընթացող ռազմական գործողություններին:

 


Ասել, թե Արևմուտքում, մասնավորապես՝ Վաշինգտոնում տեղյակ չեն այն մասին, որ իրանցի մասնագետներն ու տեխնիկան մասնակցում են Իրաքում, Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին, բնականաբար, միամտություն կլինի, և պարզ է, որ նման պարագայում Թեհրանի միջամտությունը չի հակասում արևմտյան դերակատարների շահերին, մինչդեռ այստեղ մտահոգիչը, թերևս, այն հանգամանքն է, որ Իրանը Իրաքում հանդես է գալիս շիայական իշխանությունների կողմից, իսկ այս նախադեպը թույլ է տալիս կանխատեսել, որ արդեն առաջիկա ժամանակաշրջանում Իրաքում տեղի ունեցող ռազմական գործողություններին կարող են ուղղակիորեն ներգրավվել նաև տարածաշրջանի այլ՝ հատկապես սուննիական պետություններ:

 

 

Արմեն Պետրոսյան