Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածու առաջադրված Է. Իհսանօղլուն խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, թուրքական «Թարաֆ» պարբերականի թղթակիցը հարց է ուղղել՝ պարզելու նրա դիրքորոշումը միջազգային իրավունքի տեսանկյունից Հայոց ցեղասպանության խնդրի, 100-ամյա տարելիցի, և վարչապետ Էրդողանի ցավակցական ուղերձի նկատմամբ: Իհսանօղլուն Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «ցավալի, տխրեցնող իրադարձություններ» և նշել, որ դեռևս երիտասարդ տարիքում՝ 1970-ականներից առնչվել է այդ խնդրին՝ Թուրքիայի մշակույթի և արտաքին գործերի նախարարություններում աշխատելու տարիներին: Այնուհետև հիշել է թուրք դիվանագետների սպանությունների մասին: Նա բավական բարձր է գնահատել Թուրքիայի նախկին նախագահ Թ. Օզալի դերակատարությունը՝ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ արտասահմանցի հայտնի պատմաբանների, լոբբիստական կառույցների ներգրավման միջոցով ԱՄՆ-ում հանրային կարծիքը «ճիշտ» հիմքերի վրա դնելու, «սխալ ու ճիշտ կողմերը» վեր հանելու հարցում՝ նախկին ժխտողական քաղաքականությունը համարելով հաջողված: Վարչապետ Էրդողանի ցավակցական ուղերձը որակել է որպես «ճիշտ և տեղին» կատարված քայլ: Նա անհրաժեշտ է համարել, որ թուրքական պետությունը «սառնասրտությամբ ու համբերությամբ» զինված շարունակի դիվանագիտական ու գիտական բոլոր հնարավորությունները կիրառել այդ հիմնախնդրի դեմ:
Լևոն Հովսեփյան