Խոհանոց

 

Ընտանիքի գրեթե բոլոր անդամների ամենասիրելի վայրը խոհանոցն է։ Սակայն այն լի է ամենատարբեր պահարաններով, դարակներով, սարքերով, սուր, կտրող, ծակող առարկաներով, զանազան նյութերով, որոնք կարող են փոքրիկին զգալի վնաս պատճառել։ Երեխան կարող է նաև մատները թողնել պահարանների դռների կամ դարակների տակ։ Դրա համար կարելի է մագնիսով լրացուցիչ փականներ տեղադրել, բռնակները թելով կապել, որ երեխան չկարողանա դրանք բացել։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ սուր, կտրող, ծակող առարկաները (դանակ, պատառաքաղ, մկրատ, խցանահան և այլն) պետք է պահել երեխաներից հնարավորինս հեռու, բարձր տեղադրված ևամուր փակվող պահարանում։ Կահույքի սուր անկյունները պետք է խարտոցով կլորացնել կամ պատել փափուկ նյութերով (սպունգ, պարալոն), որպեսզի փոքրիկը գլուխը չխփի և չվնասվի։

 

Խոհանոցում ամենավտանգավոր առարկան գազօջախն է։ Աշխատեք ուտելիքը պատրաստել հիմնականում գազօջախի պատին մոտ գտնվող սալիկների վրա' կաթսաների ու թավաների բռնակները միշտ թեքելով դեպի պատը։

 

Խոհանոցում երեխաներին առավել հետաքրքրող առարկաներից մեկը սառնարանն է։ Այնտեղից փոքրիկի ձեռքը կարող են ընկնել ալկոհոլային խմիչքներ կամ դեղամիջոցներ, վատ դրված ապակե տարաները կարող են ընկնել և կոտրվել և, ի վերջո, նա կարող է պարզապես փակվել սառնարանի ներսում։ Դրանից խուսափելու համար սառնարանում պահվող բոլոր տարաները պետք է ամուր փակել եւ դնել վերևի դարակներին, իսկ սառնարանի դուռը պետք է ամուր չփակվի։

 

Շատերը խոհանոցում հեռախոս ունեն։ Հեռախոսի լարերը կարող են փաթաթվել երեխայի ոտքերին, սարքը կարող է ընկնել փոքրիկի վրա և, վերջապես, նա ինքը կարող է լարը փաթաթել պարանոցին ու խեղդվել։ Եվ՛ հեռախոսը, և՛ դրա լարերն ամրացրեք այնպես, որ ոտքի տակ չընկնեն։ Թույլ մի տվեք, որ երեխան հեռախոսով խաղա։

 

Սեղանի շուրջը փոքրիկը կարող է իր վրա շրջել սպասքը, դանակը, տաք ճաշը կամ ըմպելիքները։ Բարձր աթոռակն ու սեղանի սուր անկյունները նույնպես վտանգավոր են։ Խուսափեք սփռոց օգտագործելուց, քանի որ փոքրիկը կարող է այն քաշել և սեղանի ողջ պարունակությունը թափել իր վրա կամ գետնին։

 

Հիշեք, որ երեխաները սիրում են ամեն ինչ տանել բերանը։ Ամենից հաճախ նրանց հասանելի են գետնին դրված կամ ընկած առարկաները։ Այդ պատճառով խոհանոցի հատակը պետք է միշտ մաքուր պահել։ Այն չպետք է սահող լինի, իսկ փոքր գորգերն ընդհանրապես նման հատակի վրա կարող են վերածվել սահնակի և երեխայի անկման պատճառ դառնալ։ Կոտրված ապակու մանր կտորները կարելի է հավաքել խոնավ սրբիչի օգնությամբ։

 

Մաքրող միջոցները, ալկոհոլային ըմպելիքները, կծու սոուսները, քացախը, համեմունքները, լուցկիներն ու հրահանն անհրաժեշտ է պահել երեխաներից հեռու։ Նույնը վերաբերում է նաև պոլիէթիլենային տոպրակներին, որոնք փոքրիկը կարող է հագցնել գլխին ու խեղդվել, և աղբարկղին, որի միջից երեխան կարող է որևէ վտանգավոր բան վերցնել։

 

Խոհանոցային էլեկտրասարքերը՝ հարիչը, թեյնիկը, սրճեփը և այլն օգտագործելուց հետո անհրաժեշտ է անմիջապես հոսանքից անջատել և հավաքել, այլապես փոքրիկը կարող է դրանք մտցնել ջրով լի դույլի մեջ, լարից ձգելով գցել իր վրա կամ միացնելով վնասել իրեն։