Այն, որ Բաղրամյան 26-ը փորձում է պետական գաղտնիքի կարգավիճակ տալ պետական միջոցներով իրականացվող սեփական ծախսերին, դա պարզապես նողկալի է, սրան պետք է հակազդել, այլապես վաղը չէ մյուս օրը սրանք ԱԺ-ով օդի փող են մտցնելու բաց տարածքում զբոսնելու համար, ընդ որում' հետո դրա գանձման իրավունքը էլի ինչ-որ մեկին կվաճառեն դրսից ու դա նույնպես կլինի օրենքով ամրագրված: Կամ Սահմանադրության մեջ պետությունը “փակելու” կետ կավելացնեն ու կլուծարեն, ու դա նույնպես կլինի օրենքով:


Բայց սա մի կողմ. պարզվում է, որ նախագահը 17 խորհրդական ու օգնական ունի, ում սպասարկման վճարը տարեկան (2013 –ի տվյալներով) կազմում է 4.1 միլիարդ դրամ: Նախ ֆիքսենք, որ սա շատ մեծ գումար է, մեծ է, ոչ միայն 17 հոգու համար, այլ նաև մեր նման պետության համար: Այնուամենայնիվ, եթե ծախսերը գաղտնիացնելու օրենքն ընդունվի, ապա վաղը այդ 17 հոգու ծախսերը չգիտես ինչպես կարող են դառնալ, օրինակ, 1 միլիարդ ԴՈԼԱՐ, ու դու քիչ է, որ դրա մասին տեղյակ էլ չես լինի, բայց եթե իմանաս էլ, միևնույն է ոչ մի բանով չես կարողանա հակազդել, քանզի ինչպես ասում է հայտնի հերոսը' «իսկ ովքե՞ր են դատավորները…»:

 

 

Արսեն Գևորգյան