Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ բջջային հեռախոսները ուղեղի վրա ունենում են վնասակար ազդեցություն և առաջացնում քաղցկեղ, անհանգստացրել է բջջային օգտագործողներին:
Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել Tawkon ծրագիրը, որը զգուշացնում է այն ժամանակ, երբ բջջայինի տերը առավել երկար տևողությամբ է ենթարկվում ճառագայթման: Այն հասանելի է BlackBerry OS և Google Android համակարգերով սմարթֆոնների համար, իսկ Apple iPhone-ի տերերը կարող են ծրագիրն օգտագործել միայն հեռախոսի ծրագրային պաշտպանությունից ազատվելուց՝ «ջեյլբրեքից» հետո:
Հետազոտողները մի քանի առաջարկներ են ներկայացրել բջջայինի վնասակար ազդեցությունից խուսափելու համար:Որպեսզի ուղեղը էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցության չենթարկվի, մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս օգտվել հեռախոսից՝ լարով ականջակալների միջոցով: Կարելի է օգտագործել նաև Bluetooth գարնիտուրա, որի ճառագայթումն անհամեմատ փոքր է բջջայինի ճառագայթումից: Կարևոր է, որ Bluetooth գարնիտուրան ամբողջ օրվա ընթացքում չպահվի ականջի մոտ: Բջջայինից չի կարելի օգտվել մետրոյում և այնպիսի վայրերում, որտեղ կապի որակը թույլ է: Այդ դեպքում ճառագայթումը սովորականից ավելի ինտենսիվ է լինում: