Ու չեմ հասկանում էն մարդկանց, ովքեր ասում են, որ Հասմիկ Պողոսյանին մշակույթը սիրող մարդ է դաստիարակել; մշակույթի նախարար լինելը շատ դժվար գործ է; հեշտ է քննադատել և այլն, և այլն:
Քավ լիցի, մենք չենք ուզում, որ Մշակույթի նախարարը հրաշքներ գործի:

 

Մենք ընդամենը ուզում ենք, որ «Մշակույթի նախարարություն» կոչվող կառույցը՝ ի դեմս նախարարի, կատարի իր տարրական պարտականությունները. չթողնի, որ Կարմիր բլուրը աղբանոցի վերածվի, չթողնի, որ Զվարթնոցն ու Գառնին քյաբաբնոց դառնան, չթողնի, որ միջնադարյան կամուրջները Հյուսիսային պողոտայի ոճով սալիկապատվեն, չթողնի, որ Գանձասարի վանական համալիրը նույն կերպ սալիկապատվի, չթողնի, որ քաղաքի արձանները կեղտի ու փոշու մեջ կորեն (դա ինչքանով Երևանի Քաղաքապետարանի, այնքանով էլ Մշակույթի նախարարության գործառույթն է):

 


Ավելին, պետք է զբաղվի պատմամշակութային վայրերում տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ հարմարություններ ստեղծելով, ոչ թե դա թողնի բջջային կապի օպերատորի ղեկավարի վրա:
Ցանկը անվերջ կարելի է շարունակել, ու ցավալին այն է, որ այս ամենը միմիայն մշակույթի նախարարության գործառույթներն են, այլ ոչ ինչ-որ ուրիշ նախարարության, ու փաստը մնում է փաստ, որ դրանք չեն իրականացվում: Ու կապ չունի, թե ինչքան դժվար է այդ գործը կամ ով է եղել նախարարի հայրը: Դա ամենևին կապ չունի:

 


հ.գ. Անկապ համերգներին ու երրորդական մրցույթներին ֆինանսավորելը չէ Մշակույթի նախարարության գործառույթը: Շատ ավելի կարևոր անելիքներ կան, որոնք երկար սպասել չեն կարող:
հ.գ.գ. Մարդ ո՞նց կարա 2006 թ.-ից լինի Մշակույթի նախարար ու ոչ մի հետևություն չանի: Կամ 8 տարվա մեջ մի՞թե մի արժանի փոխարինող չգտնվեց:

 

 

Արամ Գևորգյան