Հանրապետության սերմնաբուծության զարգացման գործում զգալի ներդրում ունեցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության Երկրագործության գիտական կենտրոն ՊՈԱԿ-ում աշխատանքային բուռն եռուզեռ է։ Սկսվել է ցորենի բերքահավաքը։ 50 հեկտարի վրա ցանքը կատարվել է սուպերէլիտային սերմերով, որոնց մի մասը ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, մնացածը լրացվել գիտական կենտրոնում մշակված Նաիրի-68 տեղական սորտով։

 


Այսօր ցորենի բերքահավաքի ընթացքին, ինչպես նաև գիտական կենտրոնում մշակվող հատիկաընդեղեն և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությանը ծանոթանալու նպատակով Երկրագործության գիտական կենտրոն է այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Կենտրոնի տնօրենը ներկայացրել է բերքահավաքի առաջին արդյունքները՝ հեկտարի միջին բերքատվությունը 60 ցենտներից ավելին է։ Նախարարին գոհացրել է նաև ստացվող բերքի որակը։ Այն ամբողջությամբ նախատեսված է հանրապետության սերմնաբուծության զարգացման նպատակների համար։

 


Նախարարը ծանոթացել է նաև 9 հա վրա մշակվող լոլիկի տեղական Նոյ, Հայաստանի հրաշք և Նվեր սորտերի, ինչպես նաև 0.5 հա վրա մշակվող ոլոռի տեղական Կանգուն և 1 հա վրա մշակվող սիսեռի Սիփան տեղական սորտի սուպերէլիտային ցանքերի վիճակին։ Նշված ցանքսերից ստացվող սերմացուն նույնպես ամբողջությամբ և մատչելի գներով կտրամադրվի հանրապետության ֆերմերային տնտեսություններին։ Դա զգալիորեն կխթանի հայկական ավանդական սորտերի մշակության ծավալների ավելացմանը:

 


Այցելության ավարտին նախարարը եղել է նաև 2012 թվականին հիմնված ծիրանի կոլեկցիոն այգում, ուր 5 հա վրա պահպանվում են հայկական ծիրանենու 84 գենետիկ սորտեր: Ծանոթանալով ընթացիկ տարում այստեղ 1 հա վրա կատարված կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի տեղադրման աշխատանքներին, նախարարը որոշակի դիտողություններ է արել կատարված աշխատանքի վերաբերյալ:


ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

Անի Սմբատյան