Յուրաքանչյուր կնոջ համար օծանելիքի ընտրությունն իրական փիլիսոփայություն է: Կոկո Շանելը հավաստիացնում էր. «Օծանելիքը մարդու անձի արտացոլումն է և լավագույն հանդերձանքը, որն «անհնար է տեսնել և անհնար է մոռանալ»»: Խանութներում օծանելիքների բազմազանության մեջ շատ դժվար է կողմնորոշվել և ընտրել հենց քո «սեփական» բույրը:

 

Մինչև XIX դարի վերջը օծանելիքները միայն պատվերով էին պատրաստում: Միջնադարյան Եվրոպայի ամենահայտնի օծանելիքը «Eau de Hongrie»-ն էր, որը ստեղծվել էր 1370թ.-ին՝ հունգարական արքայական ընտանիքի համար: Հենց այդ ժամանակ հայտնվեց նարինջի ծառի ծաղիկներից պատրաստված էքստրակտը, որը մինչ օրս օգտագործվում է օծանելիքների արդյունաբերության մեջ:

 

Օծանելիքների մասսայական արտադրությունը առաջինը սկսեցին «Coty» և «Yardley» եվրոպական ապրանքանիշները:

 

Այսօր շուկայում՝ լինի մասսայական, թե ցածրորակ, կա օծանելիքի ավելի քան 1000 տեսակ: Ամեն ամիս թե՛ հայտնի արտադրողները, թե՛ աստղերը թողարկում են իրենց օծանելիքները, և բացարձակապես նոր, անկրկնելի համադրություններ են ստեղծում:

 

Գիտական տվյալներով՝ մարդկային քիթը կարող է մոտ 10.000 բույր տարբերել: Որոշ հոտեր մեզ հաճելի են, ոմանց հանդեպ մենք անտարբեր ենք, իսկ երրորդներն ասոցացվում են տհաճ զգացողությունների հետ: Այդ պատճառով անհնար է հստակ ասել, թե ում, ինչ օծանելիք է համապատասխանում:

 

Մասնագետներն առանձնացնում են մի քանի օբյեկտիվ պատճառ, որոնք ազդում են օծանելիքի ընտրության վրա՝ տարիք, կարգավիճակ, բնավորություն: Ավելին, բազմաթիվ պարֆյումերներ համարում են, որ բույրերը չպետք է տարանջատել ըստ սեռերի:


 Ընտրության գաղտնիքները

5 խորհուրդ ճիշտ օծանելիք ընտրելու համար

● Սեփական օծանելիքի ընտրությունը պետք է կատարել առանց շտապելու, հանգիստ միջավայրում, իսկ եթե Դուք սկսնակ եք այս հարցում, ապա Ձեր քիթը չի կարող 4 բույրից ավել ընկալել, իսկ խանութներում բույրերը միախառնվում են, և ընտրությունը կրկնակի դժվարանում է:

 

● Ոչ մի դեպքում չշնչեք օծանելիքի կափարիչի կամ հենց օծանելիքի բույրը, նախ և առաջ ցանեք այն փորձաթղթի վրա, այնուհետև մի փոքր սպասե՛ք և նոր փորձե՛ք զգալ նրա բույրը: Դուր եկած բույրը ցանե՛ք դաստակին և մի որոշ ժամանակ քայլե՛ք, քանի որ դա անհրաժեշտ է պարզելու համար՝ արդյո՞ք Դուք ալերգիա չունեք, կամ համապատասխանո՞ւմ է Ձեզ այդ բույրը, թե ոչ:

 

● Օծանելիք գնելը չպետք է մեխանիկորեն կատարվի, այլապես Դուք ստիպված կլինեք կրել այն, ինչ Ձեզ չի համապատասխանում: Կարևոր են նաև եղանակային պայմանները: Եթե Դուք տաք կլիմա ունեցող երկրից եք գնումներ կատարում, ապա մտածե՛ք, թե օծանելիքն ինչպես կհամապատասխանի Ձեր երկրին: Օրինակ՝ ձմռանը խորհուրդ են տրվում կաշվի, փայտի և համեմունքների բույրերը, իսկ ամռանը՝ մրգայիներն ու ծաղկայինները:

 

● Մի՛ մոռացեք, որ Ձեր կերպարի ընկալումը շրջապատի կողմից կախված է, թե որքան օծանելիք եք ցանել: Թեթև, գրեթե չզգացվող բույրը հետաքրքրում է և արթնացնում է երևակայությունը, իսկ օծանելիքի «ծանր ամպը» ցուցադրում է զգացմունքները և միտումնավոր հուզականությունը:

 

● Եթե Դուք ցանկանում եք, որ օծանելիքը բույրը Ձեզ համար դառնա ավելին, քան պարզապես հաճելի հոտ, այն պետք է ազդի Ձեր ուղեղի և ներքին զգացողության վրա: Հասնել դրան հնարավոր է միայն անհատական օծանելիքի միջոցով: Մարդիկ օծանելիքի իրենց անհատական բույրը, սովորաբար, գտնում են 30 տարեկանից հետո:  

 

Բույրերի դասակարգումը

Պրոֆեսիոնալ պարֆյումերներն իրենց աշխատանքում տարբեր դասակարգումներ են օգտագործում, որոնց մեջ ամենահայտնին «The fragrance wheel» համակարգն է: XX դարի վերջում Ֆրանսիական օծանելիքային միությունը՝ Ժան Կերլեոյի գլխավորությամբ, առանձնացրեց օծանելիքային 7 հիմնական «ընտանիք»: Այսօր այդպիսի համադրությունները ավելի մեծ թիվ են կազմում, բայց կան այնպիսիք, որ բոլոր պետք է իմանան՝ ծաղկային, փայտե, կաշվե, արևելյան, ցիտրուսային, ֆուժերային:

 

Թեև, մասնագետները խորհուրդ են տալիս օծանելիքի ընտրության ժամանակ չհիմնվել դասակարգումների, նշանակությունների և առավել ևս գովազդի վրա: Պետք է միայն լսել և զգալ բույրը: Գոյություն չունեն նորաձև և հնաոճ բույրեր, կամ միայն նրանք, որոնք հաճելի են և տհաճ, տարբեր զգացողություններ են արթնացնում և տրամադրություն են ստեղծում: