ՄԱԿ-ը 20 տարի առաջ հուլիսի 6-ը հաստատվել է որպես Համբույրի միջազգային օր։ Աշխարհի տարբեր քաղաքներում այս օրը համբուրվելու մրցույթներ են կազմակերպվում, որոնց մասնակիցները փորձում են նորանոր ռեկորդներ սահմանել։ Տարբեր մրցանակներ են խաղարկվում ամենաերկարատև, ամենագեղեցիկ, ամենաանսովոր համբույրի համար:Համբույրի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում:
Մարդիկ՝ ծանոթ, թե անծանոթ, համբուրել են միմյանց, գրկախառնվել և կիսել իրենց էմոցիաներն ու հույզերը:1990թ․ նման մրցույթներից մեկի ընթացքում ամերիկացի Վոլֆրամը 8 ժամվա ընթացքում համբուրել է 8 հազ․ հոգու՝ յուրաքանչյուրին 3,6 վայրկյան:Առաջին համբույրը էկրանին հայտնվել է 1896թ․՝ 30-վայրկյանանոց հոլովակում։ Ամենահամբույրաշատ ֆիլմը 1926թ․ նկարահանված «Դոն Ժուանն» է' 191 համբույր:Ըստ հոգեբանների՝ առավել հաճախ համբուրվող մարդիկ ավելի հանգիստ են, հավասարակշռված:
Համբույրի ժամանակ մարդու սիրտը 70–ի փոխարեն բաբախում է մինչև 150 անգամ: Այդ ընթացքում աշխատում է մարդու 30 մկան: Համբույրի ընթացքում զույգերից մեկը մյուսին է փոխանցում 278 բակտերիա, որոնց 95%-ը վտանգավոր չեն առողջության համար: Համբույրի ընթացքում մարդու շուրթերը փափկում են, դառնում վարդագույն, այդ իսկ պատճառով էլ այդ գույնի շուրթերը համարվում են գրավիչ:Շատերի կարծիքով՝ մարդիկ չեն դադարում համբուրել միմյանց, քանի որ այն չի դադարում մնալ զգացմունքների արտահայտման ամենապարզ և ամենահաճելի միջոցը:
Նարեկ Կիրակոսյան